Բաքվում հայ գերիների մшշկից այրելnվ հեռացվել են խաչով դաջվածքները․ իրավապաշտպան
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Բաքվում հայ գերիների մшշկից այրելnվ հեռացվել են խաչով դաջվածքները, հայտարարել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Նման փաստերը արդեն իսկ վկայում են, որ քրիստոնյա լինելը ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը նաև դժվարեցնում է քաղաքակրթական երկխոսությունը Ադրբեջանի հետ», - ասաց Սահակյանը ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։
«Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, այսինքն` մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, կամ եղել են դեպքեր, երբ մենք արձանագրել ենք, որ հարկադրել են Ղուրան ընթերցել», - նշեց իրավապաշտպանը։
Նա ընդգծեց, որ այս ամենը արձանագրված է նաև միջազգային զեկույցներում։
Իրավապաշտպաննն անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին Բաքվում պահվող հայ գերիների կրոնական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, որոնք դատապարտում են ու մտահոգություններ են հայտնում։
«ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հստակ խոսում է հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ, ԱՄՆ կրոնական հարցերով զբաղվող արտաքին հանձնաժողովը ևս իր տարեկան զեկույցում ուղիղ անդրադարձ է կատարել Բաքվում գտնվող գերիների կրոնական իրավունքների, ազատությունների խախտումների դրվագներին», - նշեց Սահակյանը։
Բաքվի հայ գերիների մասին
2026 թվականի հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։
Նշված անձինք մտնում էին 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց թվի մեջ, որոնց պահվելը պաշտոնապես հաստատվել էր Բաքվի կողմից։ Միևնույն ժամանակ, հայկական իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են ադրբեջանական գերության մեջ գտնվող ևս շուրջ 80 հայերի մասին։
Փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործերով դատավճիռները։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ 65 տարեկան հասակը լրանալու պատճառով, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունը ցմահ ազատազրկում չի նախատեսում այդ տարիքի անձանց համար։
Փետրվարի 17-ին նույն ժամկետի է դատապարտվել նաև Արցախի նախկին պետնախարար, միլիարդատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը։

