Ո՞ր դեպքում աշխարհի առաջատար բուհերում սովորածները կարող են ազատվել զինվորական ծառայությունից

04.09.2026, 13:05
ԿԳՄՍՆ-ն հայտնել  է, թե որ բուհերում կրթություն ստացած անձինք կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից
Ո՞ր դեպքում աշխարհի առաջատար բուհերում սովորածները կարող են ազատվել զինվորական ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/ ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առնվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված ոլորտներում աշխատելուց հետո, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Գործընթացը կարգավորվում է` համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման։ Ըստ այդմ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում վերոնշյալ ակադեմիական վարկանիշավորման Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու և ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի աշխատելու համար:

Նշված պահանջը կատարելու դեպքում քաղաքացին սահմանված կարգով կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անհրաժեշտ է ապրիլի 1-ից մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Նախարարությունից նշում են, որ որոշման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար բուհերում և ստացած գիտելիքն ու մասնագիտական ներուժը կիրառել Հայաստանի Հանրապետության զարգացման և ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ ոլորտներում՝

• Հանրային կառավարման ոլորտ (աշխատանքը ՀՀ նախագահի աշխատակազմում, նախարարություններում, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում, Կառավարության, ՀՀ վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններում, Ազգային ժողովում, դատական իշխանության մարմիններում և ինքնավար պետական մարմիններում)

• Կրթության և գիտության ոլորտ (աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կազմակերպություններում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրթական ուսումնական հաստատություններում)

• Ռազմարդյունաբերության ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2069-Ա հրամանով հաստատված կազմակերպություններում)

• Բարձր տեխնոլոգիաների ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2068-Ա հրամանով հաստատված կազմակերպություններում)

• Առողջապահության ոլորտ (աշխատանքը Առողջապահության նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի թիվ 4917-Ա հրամանով (փոփոխությունը` 2026 թվականի օգոստոսի 31-ի թիվ 4999-Ա հրաման) հաստատված կազմակերպություններում)

• Ֆինանսական ոլորտ (աշխատանքը Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1/358 Ա որոշումով հաստատված կազմահրամանովկերպություններում):