Ռուսաստանը կողմ է Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը. Պուտին
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանը միշտ հանդես է եկել և հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքների հիման վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Ելնում ենք այն հանգամանքից, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի հիմնարար շահերին, Ռուսաստանի հիմնարար շահերին, և ես արդեն չեմ էլ կրկնի, մենք Ձեզ հետ դա բազմիցս նշել ենք, համապատասխանում է նաև այն պատմական արմատներին, որոնք կապում են մեր երկու ժողովուրդներին»,-նշել է նա։
Փաշինյանն իր հերթին հաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ։
Ընդ որում, նա արձանագրել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։
«Մեզ թվում է, որ պետք է իրավիճակին նայել հենց այս տեսանկյունից, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ իմաստ ունեին, իսկ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ անհրաժեշտ է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել։ Եվ կարծում եմ, որ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը, մենք նկատի ունենք մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը, և դա շատ կարևոր է»,-ասել է Փաշինյանը։

