Dior-ի նոր դեմքը․ դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է ֆրանսիական ապրանքանիշի ֆոտոշարքում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է ֆրանսիական Dior նորաձևության տան նոր գովազդային արշավում, հայտնում է dior.com-ը:
Թադևոսյանը հայտնվել է Dior Tailoring-ի նյութերում, որոնք նվիրված են Winter 2026–2027 տղամարդկանց հավաքածուին:
Արշավը ստացել է A Study in Precision («Ճշգրտության ուսումնասիրություն») անվանումը և նվիրված է դասական տղամարդու կոստյումի ժամանակակից մեկնաբանությանը:
Նկարահանման մեջ շեշտը դրված է տղամարդու հագուստի և աքսեսուարների ճշգրիտ ձևվածքի, սիլուետների, դետալների վրա:
Արշավի համար դիմանկարային լուսանկարների հեղինակն ամերիկացի լուսանկարիչ Թեո Վեններն է (Theo Wenner), առարկայական նկարահանման հեղինակը՝ ֆինն լուսանկարիչ Հեյկի Կասկին (Heikki Kaski):
Սամվել Թադևոսյանը լայն ճանաչում է ձեռք բերել Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր դերակատարումից հետո: Այդ աշխատանքի համար նա ճանաչվել է լավագույն դերասան «Անահիտ» ազգային կինոմրցանակաբաշխությունում:
Թադևոսյանը նաև մարմնավորել է Կոմիտասին «Սողոմոնի երգերը» պատմական դրամայում, նկարահանվել է Դանիլա Կոզլովսկու «Չերնոբիլ» ֆիլմում և «Յանիչար» սերիալում:


