Հավատարիմ ընկերներից մինչև իսկական հերոսներ. 10 ֆիլմ շների մասին
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Ֆիլմերում շունը գրեթե երբեք պարզապես շուն չէ: Նա կարող է տարիներով սպասել մարդուն, հարյուրավոր կիլոմետրեր անցնել տուն վերադառնալու համար, առանց տիրոջ գոյատևել Անտարկտիդայում, փրկել ընտանիքին հանցագործներից կամ պարզապես կատարյալ ընտանեկան կյանքն ամեն օր վերածել քաոսի: Բայց ամենահետաքրքիրը ոչ թե կենդանու հետ է տեղի ունենում, այլ մարդու, ով փոխվում է՝ հայտնվելով կենդանու կողքին։
Օգոստոսի 26-ին նշվող Շների միջազգային օրվա առիթով «Նովոստի–Արմենիա»–ն ներկայացնում է 10 ֆիլմ, որոնց միավորում է ոչ միայն չորքոտանի գլխավոր հերոսը: Սրանք պատմություններ են հավատարմության, ընտրության, վախի, կորստի, պատասխանատվության և առանց նախապայմանների սիրելու կարողության մասին:
1. «Հաչիկո. մի շան պատմություն»․ երբ սպասումը դառնում է արարք

Hachi: A Dog’s Tale, 2009
Ռեժիսոր՝ Լասսե Հալսթրյոմ
Գլխավոր դերերում՝ Հաչի, պրոֆեսոր Պարկեր Ուիլսոն՝ Ռիչարդ Գիր, Քեյթ Ուիլսոն՝ Ջոան Ալեն։
Պրոֆեսոր Պարկեր Ուիլսոնը կայարանում գտնում է ակիտա ցեղատեսակի կորած ձագին: Հաչին շատ կարճ ժամանակում դառնում է ընտանիքի մաս, այնուհետև սովորություն է ձեռք բերում ամեն օր ճանապարհել տիրոջը կայարան և դիմավորել աշխատանքից հետո: Պրոֆեսորի հանկարծակի մահից հետո շունը շարունակում է գալ կայարան և սպասել նրան։
Պատմությունը հիմնված է ճապոնական Հաչի շան իրական ճակատագրի վրա, որը տիրոջ՝ Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Հիդեսաբուրո Ուենոյի մահից հետո երկար տարիներ շարունակ գալիս էր Սիբույա կայարան։ 2009 թվականի ամերիկյան տարբերակը պատմությունը տեղափոխում է ԱՄՆ, բայց պահպանում է դրա գլխավոր իմաստը։
Երբեմն հավատարմությունը բացատրություններ չի պահանջում, և հենց այդ պատճառով էլ գործում է յուրաքանչյուր խոսքից ուժեղ:
Ինչու դիտել. եթե ցանկանում եք մի ֆիլմ, որից հետո որոշ ժամանակ ստիպված կլինեք լռել:
2. «Անձրևի տակ մրցավազքի արվեստը»․ փիլիսոփայություն՝ շան աչքերով

The Art of Racing in the Rain, 2019
Ռեժիսոր՝ Սայմոն Քերթիս
Գլխավոր դերերում՝ Էնցո՝ ձայնը՝ Քևին Քոսթների, ավտոարշավորդ Դեննի Սվիֆթ՝ Մայլո Վենտիմիլյա, Եվա՝ Ամանդա Սեյֆրիդ
Էնցոն վստահ է․ կյանքը նման է ավտոմրցարշավի։ Հարկավոր է հասկանալ մրցուղին, հաղթահարել շրջադարձերը և չկորցնել կառավարումը, երբ անձրև է սկսվում։
Էնցոն ապրում է ավտոարշավորդ Դեննիի կողքին, հետևում նրա կարիերային, սիրուն, ընտանեկան խնդիրներին ու կորուստներին։ Նա պարզապես ընտանի կենդանի չէ, այլ յուրօրինակ պատմող, որը մեկնաբանում է մարդկային կյանքն իր սեփական տեսանկյունից։ Նա ոչինչ փոխել չի կարող, բայց հիանալի տեսնում է, թե ինչ է կատարվում։
Սայմոն Քեթթիսի ֆիլմը նկարահանվել է Գարթ Սթայնի վեպի հիման վրա։
Ինչու դիտել. եթե ցանկանում եք շան մասին մի պատմություն, որն իրականում մարդկային կյանք ապրելու մասին է։
3․ «Մի շան պատմություն»․ մեկ շուն, բազմաթիվ կյանքեր և մեկ հարց

A Dog’s Purpose, 2017
Ռեժիսոր՝ Լասե Հալսթրյոմ
Գլխավոր դերերում՝ Բեյլի և նրա հետագա մարմնավորումները – ձայնը՝ Ջոշ Գեդ, Իթան Մոնտգոմերի՝ Դեննիս Քուեյդ և Բրայս Գեյզար
Իսկ ի՞նչ, եթե շունը մի քանի կյանք է ստանում։
Հենց այսպիսի երևակայություն է առաջարկում Լասե Հալսթրյոմի ֆիլմը։ Գլխավոր հերոսն անցնում է մի քանի մարմնավորումների միջով, փոխում անուններ, տերեր և նույնիսկ ցեղատեսակներ, բայց կրկին ու կրկին հայտնվում է այն մարդկանց կողքին, ում հենց ինքն է պետք։
Պատմության կենտրոնում նրա հատուկ կապն է Իթանի հետ։ Տարբեր կյանքերի միջով շունը հետևում է, թե ինչպես են մարդիկ սիրահարվում, վիճում, մեծանում, կորցնում միմյանց և փորձում ամեն ինչ նորից սկսել։
Ֆիլմը հիմնված է Ու. Բրյուս Քեմերոնի վեպի վրա։
Ինչու դիտել. եթե ցանկանում եք աննկատ մտորել այն մասին, թե ինչու ենք մենք առհասարակ հանդիպում այս կամ այն մարդկանց և կենդանիներին:
4․ «Բեթհովեն»․ ընտանիքի անդամ դառնալու ամենակործանարար միջոցը

Beethoven,1992
Ռեժիսոր՝ Բրայան Լևանտ
Գլխավոր դերերում՝ սենբեռնար Բեթհովեն, Ջորջ Նյուտոն՝ Չարլզ Գրոդին, Էլիս Նյուտոն՝ Բոննի Հանթ։
Գողերից փախած փոքրիկ սենբեռնարը հայտնվում է Նյուտոնների ընտանիքում։ Ընտանիքի հայրը՝ Ջորջը, կտրականապես դեմ է շանը։ Իսկ Բեթհովենին ընդհանրապես չի հետաքրքրում Ջորջի կարծիքը։
Նա մեծանում է և սկսում է տանն ավելի ու ավելի շատ տեղ զբաղեցնել, փչացնում է կահույքը, խառնաշփոթ ստեղծում և աստիճանաբար անում այն, ինչ Ջորջն ամենից քիչ էր ցանկանում՝ դառնում է ընտանիքի անդամ։
Բրայան Լևանտի ֆիլմը էկրան է բարձրացել 1992 թվականին և սկիզբ դրել ամբողջական ֆրանշիզայի։
Ինչու դիտել. հիշելու համար, որ երբեմն ընտանիքն համախմբելու լավագույն միջոցը տուն թողնելն է նրան, ով ընդհանրապես չի ընդունում տնային կանոնները։
5․ «Մարլին և ես»․ շուն, որը թույլ չտվեց ընտանիքին դառնալ կատարյալ

Marley & Me, 2008
Ռեժիսոր՝ Դեյվիդ Ֆրենկել
Գլխավոր հերոսներ՝ Մարլի, Ջոն Գրոգան՝ Օուեն Ուիլսոն, Ջեննի Գրոգան՝ Ջեննիֆեր Էնիսթոն
Ջոնն ու Ջեննին իրենց երեխաների ծնվելուց առաջ փորձելու համար լաբրադոր են պահում։ Պլանը խելամիտ է թվում։
Բայց Մարլին ընդհանրապես այն դաստիարակված ընտանի կենդանին չէ, որին նրանք պատկերացնում էին։
Նա չի ենթարկվում, ոչնչացնում է իրերը, քաոս ստեղծում և ընտանեկան կյանքը վերածում փորձությունների անվերջ շարքի։ Բայց հենց Մարլիի հետ միասին է ընտանիքն անցնում իր կյանքի ամենակարևոր փուլերով։
Դեյվիդ Ֆրենկելի ֆիլմը հիմնված է լրագրող Ջոն Գրոգանի հուշերի վրա։
Ինչու դիտել. որովհետև երբեմն «կատարյալ շունը» հենց նա է, որի շնորհիվ դուք սկսում եք հասկանալ, որ կատարյալ կյանք գոյություն չունի։
6․ «Տոգո»․ շուն, որին պատմությունը կարող էր մոռանալ

Togo, 2019
Ռեժիսոր՝ Էրիքսոն Քոր
Գլխավոր դերերում՝ Տոգո, շնասայլի կառավարորդ Լեոնարդ Սեպպալա՝ Ուիլեմ Դեֆո։
1925 թվականին Ալյասկայի Նոմ քաղաքում դիֆտերիայի համաճարակի ժամանակ անհրաժեշտ էր առաքել կենսական նշանակության շիճուկ։ Վտանգավոր երթուղու գլխավոր մասնակիցն են դառնում կառավարորդ Լեոնարդ Սեպպալան և նրա առաջատար շուն Տոգոն։
Էկրանին ձյուն է, սառույց, բուք և մահացու վտանգավոր ճանապարհի տասնյակ կիլոմետրեր։ Բայց արկածային պատմության հետևում կա ևս մեկ հետաքրքրիր փաստ. ֆիլմն իրականում վերականգնում է Տոգոյի արժանի տեղը պատմության մեջ։
Հենց Տոգոն և Սեպպալայի թիմն են հաղթահարում ճանապարհի ամենաբարդ հատվածի զգալի մասը։
Ինչու դիտել. եթե ցանկանում եք տեսնել ոչ թե պուպուշ շնիկի,, այլ իրական հերոսի։
7․ «101 դալմատիններ»․ շնիկների մասին պատմող Disney-ի առաջին «մարտաֆիլմը»

One Hundred and One Dalmatians, 1961
Ռեժիսորներ՝ Քլայդ Ջերոնիմի, Համիլթոն Լասկ, Վոլֆգանգ Ռայթերման
Գլխավոր հերոսներ՝ Պոնգո, Պերդի, նրանց ձագերը և չարագործ Կրուելլա դե Վիլ (hնչունավորում է Բեթի Լու Գերսոն, իսկ Պոնգոյին՝ Ռոդ Թեյլորը)
Պոնգոն և Պերդին դառնում են 15 հիասքանչ ձագերի ծնողներ։ Եվ գրեթե անմիջապես նրանց ընտանեկան կատարյալ մթնոլորտն ավարտվում է. Կրուելլա դե Վիլը որոշում է առևանգել փոքրիկներին՝ մորթե վերարկու կարելու նպատակով։
Այնուհետև սկսվում է իսկական արկած՝ հետապնդումներով, փախուստներով, կենդանիների համահավաք դաշինքով և հայտնի «շների հեռագրով» (Twilight Bark), երբ անհետ կորած ձագերի մասին նորությունները մի շնից փոխանցվում են մյուսին՝ հասնելով մինչև ամենահեռավոր անկյունները։
Disney-ի դասական անիմացիան էկրան է բարձրացել 1961 թվականին։ Այն նկարահանել են միանգամից երեք ռեժիսորներ՝ Քլայդ Ջերոնիմին, Համիլթոն Լասկը և Վոլֆգանգ Ռայթերմանը։
Ինչու դիտել. որովհետև սա պարզապես մանկական մուլտֆիլմ չէ, այլ ջերմ պատմություն այն մասին, թե ինչպես է ամբողջ համայնքը միավորվում հանուն անպաշտպանների։
8․ «Լեսսի»․ երբ տուն տանող ճանապարհն ամեն ինչից կարևոր է

Lassie, 2005
Ռեժիսոր՝ Չարլզ Սթարրիջ
Գլխավոր դերերում՝ Լեսի, Ջո Կարակլաֆ՝ Ջոնաթան Մեյսոն, Սեմ Կարակլաֆ՝ Ջոն Լինչ, Սառա Կարակլաֆ՝ Սամանթա Մորթոն
Կարակլաֆների ընտանիքը ֆինանսական դժվարությունների մեջ է և ստիպված է բաժանվել Լեսսից։
Տղայի՝ Ջոյի համար սա իսկական ողբերգություն է դառնում։
Բայց Լեսսին նույնպես պատրաստ չէ հաշտվել բաժանման հետ։ Նա երկար ճանապարհ է անցնում ընտանիք վերադառնալու համար։
Չարլզ Սթարրիջի ֆիլմը հիմնված է Էրիկ Նայթի «Լեսսի, տուն վերադարձիր» (Lassie Come-Home) դասական վեպի վրա, որը հրատարակվել է 1940 թվականին։ Ֆիլմում նկարահանվել են Փիթեր Օ’Թուլը, Սամանթա Մորթոնը, Ջոն Լինչը և Փիթեր Դինքլեյջը:
Ինչու դիտել. որովհետև երբեմն «տուն» բառը նշանակում է ոչ թե վայր, այլ մարդիկ, որոնց մոտ ուզում ես վերադառնալ։
9․ «Սպիտակ պատանդ»․ 8 շուն՝ ընդդեմ Անտարկտիդայի

Eight Below, 2006
Ռեժիսոր՝ Ֆրենկ Մարշալ
Գլխավոր դերերում՝ լծկան շներ, Ջերի Շեպարդ՝ Փոլ Ուոքեր, Դևիս Մաքլարեն՝ Բրյուս Գրինվուդ, Չարլզ Կուպեր՝ Ջեյսոն Բիգգս
Անտարկտիկական արշավախումբը ստիպված է շտապ լքել բազան և թողնել ութ լծկան շների։ Նրանց հետևից անմիջապես վերադառնալն անհնար է։
Այսպես սկսվում է պատմությունն արդեն ոչ այնքան մարդու և շան, որքան 8 կենդանիների մասին, որոնք ստիպված են ինքնուրույն գոյատևել անտարկտիկական ձմռան պայմաններում։
Ֆրենկ Մարշալի ֆիլմը հիմնված է 1983 թվականի ճապոնական «Nankyoku Monogatari» կինոնկարի վրա և ոգեշնչված է իրական իրադարձություններով։ Գլխավոր դերակատարներից է Փոլ Ուոքերը։
Ինչու դիտել. որպեսզի տեսնեք, թե որքան բարդ կարող է լինել գոյատևումն առանց մարդու, և թե որքան ուժեղ են դա հաղթահարում հենց իրենք՝ շները։
10․ «Ճանապարհ դեպի տուն»․ 650 կիլոմետր՝ հանուն մեկ մարդու

A Dog’s Way Home, 2019
Ռեժիսոր՝ Չարլզ Մարթին Սմիթ
Գլխավոր դերերում՝ Բելլա՝ Շելբի և Բրայս Դալաս Հովարդի ձայնը, Լուկաս Ռեյ՝ Ջոնա Հաուեր-Կինգ, Թերի Ռեյ՝ Էշլի Ջադ
Բելլան բաժանվում է տիրոջից և կորչում տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա։
Այնուհետև ֆիլմը վերածվում է բառացիորեն ճանապարհային արկածի. Բելլան անցնում է ավելի քան 400 մղոն՝ շուրջ 640 կիլոմետր, հանդիպում մարդկանց ու կենդանիների և հաղթահարում վտանգներ՝ Լուկասի մոտ վերադառնալու համար։
Ֆիլմը նկարահանել է Չարլզ Մարտին Սմիթը՝ ըստ Ու. Բրյուս Քեմերոնի գրքի։ Կադրում Բելլային խաղում է Շելբի անունով շունը, իսկ նրա ներքին ձայնը հնչում է Բրայս Դալաս Հովարդի կատարմամբ:
Ինչու դիտել. որովհետև այս ֆիլմից հետո «նա պարզապես փախչել է» արտահայտությունն արդեն բոլորովին այլ կերպ է հնչում։
Ի վերջո, ո՞վ է այստեղ գլխավոր հերոսը
Կա մի զվարճալի օրինաչափություն. այս ֆիլմերից գրեթե բոլորում մարդը կարծում է, որ ինքն է հոգ տանում շան մասին։
Բայց սյուժեն աստիճանաբար փոխվում է։
Տերը սովորում է պատասխանատվություն։
Երեխան՝ հասունացում։
Ընտանիքը՝ համբերություն։
Միայնակ մարդը՝ վստահություն։
Կորուստ վերապրած հերոսը՝ կրկին սիրելու կարողություն։
Իսկ շունը պարզապես մնում է մարդկանց կողքին։
Հնարավոր է, հենց այդ պատճառով են շների մասին ֆիլմերն այնքան հեշտությամբ կոտրում նույնիսկ ամենախիստ հանդիսատեսի պաշտպանությունը։ Դրանք պատմում են մարդկային զգացմունքների մասին առանց բարդ բացատրությունների. եթե քեզ սիրում են, քեզ կսպասեն, եթե դու պետք ես, քո հետևից կգան, եթե դու դարձել ես ընտանիքի մաս, քեզնից չեն հրաժարվի։
Եվ այս իմաստով շների մասին ֆիլմերն ամենևին էլ շների մասին չեն։ Սրանք այն մասին են, թե ինչպիսի մարդիկ ենք մենք դառնում նրանց կողքին։
Շների միջազգային օրվա կապակցությամբ, թերևս, բավական է միայն մեկ թեստ՝ միացնել ցանկացած ֆիլմ ցանկից և նայել, թե ի վերջո ով է կյանք սովորելու․ մա՞րդը, թե՞ նրա չորքոտանի ընկերը։

