Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում է միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում է միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում` TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնական աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին»,– նշել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը:
Նրա խոսքով, սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արևելքից արևմուտք, այսինքն` Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիս` Պարսից ծոցը կապելով Սև ծովին։
«Այնպես, որ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները», – ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Եվրոպական միության հետ։
«Հնդկաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն։ Հիմա մենք աշխատում ենք դրա փաստաթղթային ձևակերպման վրա», – ասել է Փաշինյանը։
Կարդացեք նաև․ Այս քանի օրը դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները Հայաստանից ապրանք են գնել. Միրզոյան

