Երևանում մեքենայի մեջ հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված․ կան ձերբակալվածներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 31-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրել են մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևանի Ռուբինյանց փողոցում ձերբակալել են երեք երիտասարդի և մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
«Չանգան» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։


