Կենցաղային վեճն ավարտվել է սպանությամբ. 28-ամյա կինը ոչ սթափ վիճակում տղամարդու է դանակահարել

31.08.2026, 10:30
Ոստիկանները ձերբակալել են   43-ամյա տղամարդուն դանակահարած կնոջը

Կենցաղային վեճն ավարտվել է սպանությամբ. 28-ամյա կինը ոչ սթափ վիճակում տղամարդու է դանակահարել

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան», - նշված է հաղորդագրության մեջ։

28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն: