Փակել են ճանապարհը, դուրս բերել մեքենայից ու ծեծել. խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)

27.08.2026, 17:19
Ոստիկանները հայտնաբերել են Երևանի կենտրոնում վարորդին ծեծի ենթարկած երիտասարդներին. ՎԻԴԵՈ
Փակել են ճանապարհը, դուրս բերել մեքենայից ու ծեծել. խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում վիճաբանություն և բռնություն է տեղի ունեցել երկու վարորդների միջև, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ըստ ոստիկանության օպերատիվ տվյալների՝ «Mercedes» ավտոմեքենայի վարորդը, ձայնային ազդանշան տալու չնչին առիթով, խախտել է երթևեկության կանոնները, վազանց կատարել ու փակել «Kia»-ի ճանապարհը։ Այնուհետև «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, հայհոյանքներ հնչեցնելով ու բռնություն գործադրելով «Kia»-ի մեքենայից դուրս են բերել վարորդին և հարվածներ հասցրել նրան։

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «Mercedes»-ի 30-ամյա վարորդը (Ավանի Թեմրուչի փողոցի բնակիչ) և 25-ամյա ուղևորը (Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ)։ Նրանք տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Կարդացեք նաև. Կիևյան կամրջի վրա երթուղային ավտոբուսում հրդեհ է բռնկվել, ուղևորները տարհանվել են