Կիևյան կամրջի վրա երթուղային ավտոբուսում հրդեհ է բռնկվել, ուղևորները տարհանվել են
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 27-ին՝ ժամը 8․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա երթուղային ավտոբուսում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մինչ ահազանգը ստանալը՝ տարածքում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են թիվ 52 երթուղին սպասարկող ծխացող ավտոբուսը, անմիջապես մոտեցել, արագ տարհանել ուղևորներին և կրակմարիչներով կանխել կրակի տարածումը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոբուսի շարժիչի հատվածում։
Պատահարի հետևանքով տուժածներ չկան։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ից հայտնում են, որ 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։
«Ուղևորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։ Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը:

