Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/. Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, հայտնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
«Նա մեծ ներդրում է ունեցել արվեստի կրթության, հայ թատերարվեստի զարգացման գործում։ Հրաչյա Գասպարյանն իր երկարամյա մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի հետք է թողել բազում սերունդների կյանքում՝ իր գիտելիքով, մասնագիտական բարձր վարպետությամբ և մարդկային ջերմությամբ։
Նա իր ողջ կյանքը նվիրեց արվեստին։ Նրա անցած ճանապարհը, ստեղծագործական ժառանգությունն ու իր սաներին փոխանցած արժեքները դեռ երկար տարիներ կշարունակեն ապրել՝ ապրեցնելով նաև մեծ Վարպետին», - նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Հրաչյա Գասպարյանը 80 տարեկան էր։

