Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

27.08.2026, 10:32
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը», – նշել է Օհանջանյանը Facebook–յան իր էջում։

Նախօրեին Օհանջանյանը «Նովոստի–Արմենիա»–ին հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին

Օգոստոսի 26-ին երկու ամսով կալանավորվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Օգոստոսի 25-ին Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որից հետո Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է վեց անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։

Այնուհետև Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3 դրվագով, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 դրվագով և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագով։

«Քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ի (2000–2007 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը), նախկին վարչապետ Ա.Մ.-ի (2000–2007 թվականներին վարչապետն է եղել Անդրանիկ Մարգարյանը), Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ի (Գագիկ Բեգլարյան) և այլ անձանց նկատմամբ», - նշել է դատախազությունը։