«Զգուշացեք, երեխաներ են». ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության

26.08.2026, 19:55
Ուսումնական հաստատություններին հարող տարածքներում ուժեղացված հերթապահությունն իրականացվելու է ժամը 08:00-ից 09:30-ը, այնուհետև 12:00-ից մինչև դասերի ավարտը
«Զգուշացեք, երեխաներ են». ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկու շաբաթով կանցնի ուժեղացված ծառայության՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, հայտնել է ՀՀ ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։

««Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կկազմակերպվի ուժեղացված հերթապահություն», - չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ուսումնական հաստատություններին հարող տարածքներում ուժեղացված հերթապահությունն իրականացվելու է ժամը 08:00-ից 09:30-ը, այնուհետև 12:00-ից մինչև դասերի ավարտը։

Խաչատրյանը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ճանապարհների անմիջական հարևանությամբ գտնվող դպրոցներին։

Նա նաև հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ուսումնական հաստատություններում աշակերտների և ծնողների շրջանում կանցկացվեն «Օրինապահ հետիոտն» խորագրով միջոցառումներ՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։