Մի՛ այրեք խոզանները․ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ բուսական մնացորդներն այրելուց

26.08.2026, 16:22
Հրդեհները լուրջ սպառնալիք են բնակմիջավայրերի, այդ թվում՝ անտառների, խոտածածկ և ջրաճահճային տարածքների համար, ինչը հանգեցնում է տարբեր բույսերի ու կենդանիների ապաստարանների և բնադրավայրերի կորստի
Մի՛ այրեք խոզանները․ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ բուսական մնացորդներն այրելուց

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում կամ ավարտից հետո խոզանների և բուսական մնացորդների այրումը հանգեցնում է շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների և էկոհամակարգերի ոչնչացմանը։

Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Գերատեսչությունն ահազանգում է, որ հրդեհները լուրջ սպառնալիք են բնակմիջավայրերի, այդ թվում՝ անտառների, խոտածածկ և ջրաճահճային տարածքների համար, ինչը հանգեցնում է տարբեր բույսերի ու կենդանիների ապաստարանների և բնադրավայրերի կորստի:

Վտանգը կենդանական աշխարհի համար

Հրդեհներից պաշտպանվելու կամ փրկվելու հնարավորություն չունեցող կենդանիները, որդերը, միջատները, սողունները, մանր կաթնասունները, կրծողներն ու թռչունները, ինչպես նաև նրանց բները, ձվերն ու ձագերը, կրակի և ծայրահեղ շոգի պատճառով մասսայաբար ոչնչանում են։ Սա կարող է հանգեցնել որոշակի տեսակների պոպուլյացիաների կտրուկ նվազման կամ իսպառ անհետացման:

Էկոհամակարգերի խաթարում և կենսաբազմազանության կորուստ

Կրակի տարածումը խախտում է էկոլոգիական բնական գործընթացները՝ սննդանյութերի շրջանառությունը, սննդային շղթաները և բույսերի սերմերի տարածումը։ Արդյունքում վտանգվում է էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկությունը, կրակի նկատմամբ զգայուն տեսակները վերանում են, իսկ դիմացկուն տեսակները սկսում են գերիշխել։ Խախտվում է տեսակային կազմի հավասարակշռությունը՝ բերելով կենսաբազմազանության կորստի։

Գերատեսչությունը շեշտում է, որ հրդեհներից հետո էկոհամակարգերի վերականգնման համար երկար տարիներ են պահանջվում, հատկապես եթե հրդեհների հաճախականությունն ու ուժգնությունը գերազանցում են բնության ինքնավերականգնման հնարավորությունները։

 

Կարդացեք նաև. ՀՀ-ում կասեցվել է թարխունի համով «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը. ի՞նչ է պարզել փորձաքննությունը