Եվս մեկ անձ է ձերբակալվել Ճամբարակում զինծառայողների վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվս մեկ անձ է ձերբակալվել օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Ինչպես հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով:
Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 19-ին Ճամբարակ տանող ճանապարհին «ԳԱԶ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է:
Քննչական կոմիտեն վրաերթի դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով: Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

