ՀՀ-ում կասեցվել է թարխունի համով «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը. ի՞նչ է պարզել փորձաքննությունը
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում սսնդամթերքի հիգիենայի պահանջների խախտումների պատճառով կասեցվել է «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների տեսակներից մեկի արտադրությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող «Թամարա և Անի» ՍՊ ընկերությանը պատկանող «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (ապրանքանիշը՝ «Անի Պրոդուկտ», «Ջուսինադ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի առանձին արտադրական գործառույթը՝ «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի արտադրությունը։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է արտադրողին։

