Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Այս մասին 1Լurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նաև տեղեկացրին, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ երկրորդ նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Քոչարյանի քրեական հետապնդման մասին
Օգոստոսի 25-ին խուզարկություններ են իրականացվել Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող հասցեներում, այնուհետև Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է , որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։
Այնուհետև ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագներով։
«Քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Ս․Ս․-ի (2000–2007 թթ․ այս պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը), նախկին վարչապետ Ա․Մ․-ի (2000–2007 թթ․ վարչապետ Անդրանիկ Մարգարյան), Երևանի նախկին քաղաքապետ Գ․Բ․-ի (Գագիկ Բեգլարյան) և այլ անձանց նկատմամբ»,- նշել են Դատախազությունից։

