Նոր նախաձեռնություն` անչափահասների շրջանում թմրամիջոցների կանխարգելման համար

26.08.2026, 20:31
ՆԳՆ-ն անչափահասների շրջանում թմրամոլության կանխարգելման համար նոր նախաձեռնությամբ է հանդես եկել
Նոր նախաձեռնություն` անչափահասների շրջանում թմրամիջոցների կանխարգելման  համար

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման նպատակով ՆԳՆ ոստիկանության ծառայողներն ուսումնական հաստատություններին և անչափահասների օրինական ներկայացուցիչներին կտրամադրեն տեղեկատվական թերթիկներ, հայտնել է ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը;

«Տեղեկատվական թերթիկն իր մեջ պարունակելու է այնպիսի տվյալներ, որոնք օրինական ներկայացուցչի համար կարող են հիմնավոր կասկած առաջացնել, որ երեխան օգտագործել է թմրանյութ, ինչպես նաև նման կասկածի առկայության դեպքում՝ վարվեցողության ինչ մեթոդ պետք է ծնողը կիրառի», - ասաց Խաչատրյանը ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ կանխարգելիչ աշխատանքը պետք է իրականացվի զգուշությամբ և համապատասխան մեթոդաբանությամբ, քանի որ սխալ ընտրված մեթոդաբանության դեպքում այն կարող է վերածվել «քողարկված գովազդի»։

«Այստեղ մենք շեշտադրումը դնում ենք հենց ծնողների և օրինական ներկայացուցիչների հետ կանխարգելիչ աշխատանքների իրականացման վրա, քանի որ առաջին ազդակը կարող ենք ստանալ հենց ծնողից», - ընդգծեց Խաչատրյանը։

Նա նաև հայտնեց, որ 2026 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք է արձանագրվել՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի 3 դեպքի համեմատ։