Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել միջնորդություններ 6 անձանց՝ այդ թվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Aյս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, հաղորդում է «Արմենպրեսը»։
«Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո»,- նշել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Քոչարյանի քրեական հետապնդման մասին
Այսօր խուզարկություններ են իրականացվել Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող հասցեներում, այնուհետև Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է , որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։
Այնուհետև ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագներով։
«Քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Ս․Ս․-ի (2000–2007 թթ․ այս պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը), նախկին վարչապետ Ա․Մ․-ի (2000–2007 թթ․ վարչապետ Անդրանիկ Մարգարյան), Երևանի նախկին քաղաքապետ Գ․Բ․-ի (Գագիկ Բեգլարյան) և այլ անձանց նկատմամբ»,- նշել են Դատախազությունից։

