Փաշինյանը նշել է Գարեգին Երկրորդի հետ երկխոսության պայմանը
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը։
«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանը ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր ասում եմ, որ կնստեմ և իր հետ կքննարկեմ այդ օրակարգը։ Ես երբեք չեմ ասել, որ կան մերոնքականներ և ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահել, մյուս մասը՝ չպահել», - ասաց Փաշինյանը ԱԺ ամբիոնից եզրափակիչ ելույթի ժամանակ։
Նա նշեց, որ Հայ Առաքեալական Եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։
«Կարծում եմ, որ նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման հոգևորականների համար։ Խոսքը մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով», - նշեց վարչապետը։
Մեջբերելով ընդդիմության ներկայացուցչի խոսքերը, թե ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է եկեղեցուն, Փաշինյանն ասաց․ «Խնդիրը հենց այդտեղ է, որ ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն»։
«Ինքը հոգևոր կյանք չունի: Ինքը ժխտել է Աստծո հետ իր ուխտը և այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին: Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել»,- հայտարարեց նա:
ՀՀ վարչապետի խոսքով՝ այսօր եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, որոնք չգիտեն՝ Աստվածաշնչի, Կտարակարանի, Ավետարանի մեջ ինչ տարբերություն կա, նրանց համար եկեղեցին փող լվանալու համակարգ է:
«Կտրիճ Ներսիսյանը կամ Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է»,- հայտարարեց Փաշինյանը։

