Այս ամեն ինչը կապված է մեր ընդդիմադիր գործունեության, «չկզելու» հետ. Լևոն Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունն ավարտվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։
«Առավոտյան 7։00-7։10 եկան։ Ես դեռ տեղեկություններ չունեմ։ Գիտեմ, որ զուգահեռ նաև ուրիշ տեղ գործողություններ էին գնում՝ հորս և եղբորս հետ կապված։ Ըստ երևույթին՝ ոչ մի անակնկալ չկա այս առումով»,- ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ խուզարկության համար կարող է խթան հանդիսացած լինել իր վերջին ելույթը ԱԺ-ում, սակայն, նրա խոսքով, ինքը նման հայտարարություններ նախկինում ևս արել է։
«Այս ամեն ինչը կապված է մեր ընդդիմադիր գործունեության, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու, դրա մասին խոսելու, բարձրաձայնելու, չնահանջելու, «չկզելու» հետ», - նշեց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ իրենք այս ամեն ինչին պատրաստ են։
«Առաջին անգամ չէ։ Այս ամենը շարունակվելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանություններին»,- հայտարարեց պատգամավորը։
Փաստաբանն Էրիկ Ալեքսանյանն էլ հայտնեց, որ խուզարկության ընթացքում հետաքրքրել են էլեկտրոնային կրիչները և փաստաթղթերը, որոնք կարող են գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակել։
Նա նշեց, որ գործը նախկինում պաշտոնական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և ապօրինի ծագում ունեցող գույքի մասին է։
Քոչարյանի քրեական հետապնդման մասին
Այսօր խուզարկություններ են իրականացվել Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող հասցեներում, այնուհետև Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է , որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։
Այնուհետև ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագներով։
«Քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Ս․Ս․-ի (2000–2007 թթ․ այս պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը), նախկին վարչապետ Ա․Մ․-ի (2000–2007 թթ․ վարչապետ Անդրանիկ Մարգարյան), Երևանի նախկին քաղաքապետ Գ․Բ․-ի (Գագիկ Բեգլարյան) և այլ անձանց նկատմամբ»,-նշվել է դատախազության հաղորդագրության տեքստում։

