S&P. Հայաստանի միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը սրել է լարվածությունը Մոսկվայի հետ հարաբերություններում
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի լարված են դարձել անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ Երևանի մոտեցումների վերանայման ֆոնին։ Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում։
Գործակալությունը նշում է, որ 2024 թ.-ին կառավարությունը սառեցրել է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ դժգոհություն հայտնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրներին դաշինքի արձագանքից, և միևնույն ժամանակ խորացրել է փոխգործակցությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով դիվերսիֆիկացնել իր դիվանագիտական կապերն ու գործընկերությունն անվտանգության ոլորտում։
«Ռուսաստանը զգուշացնում էր, որ ԵՄ-ի հետ ինտեգրման խորացումը կարող է դժվար համատեղելի լինել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ։ Ռուսաստան հայկական սննդամթերքի (մասնավորապես՝ ծաղիկների և ալկոհոլային արտադրանքի) ներմուծման վերջին սահմանափակումներն ու էներգակիրների մատակարարումների վերաբերյալ զգուշացումները վկայում են քաղաքական լարվածությունը Հայաստանի տնտեսության իրական հատված փոխադրվելու ռիսկի մասին», - նշված է զեկույցում։
Գործակալության վերլուծաբանները նկատում են, որ Հայաստանը շարունակում է սերտորեն կապված մնալ ռուսական տնտեսության հետ առևտրի, դրամական փոխանցումների, զբոսաշրջության և էներգակիրների ներմուծման ոլորտներում։
«Մենք կարծում ենք, որ այս կախվածությունը սահմանափակում է երկրի ռազմավարական ճկունությունը և, հավանաբար, կդանդաղեցնի հետագա դիվերսիֆիկացման տեմպն ու մասշտաբները, չնայած մեր բազային սցենարի համաձայն՝ մենք չենք սպասում երկկողմ հարաբերությունների էական վատթարացում», - ընդգծվում է փաստաթղթում։

