Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

24.08.2026, 20:18
Ավետիսյանը պարտականությունները ստանձնել է օգոստոսի 24-ից
Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը Արամայիս Ավետիսյանին ընտրել է Հիմնադրամի գործադիր տնօրեն, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել Խորհրդի 22 անդամ, երկուսը ձեռնպահ են մնացել, դեմ ոչ ոք չի քվեարկել: Նիստին մասնակցել է Հոգաբարձուների խորհրդի 29 անդամից 24-ը: Ավետիսյանը պարտականությունները ստանձնել է օգոստոսի 24-ից:

Հիմնադրամի զարգացման առանցքային ուղղությունների թվում նոր գործադիր տնօրենը նշել է կազմակերպչական ներուժի ամրապնդումն ու գործառնական արդյունավետության բարձրացումը, հաշվետվողականության ու թափանցիկության ուժեղացումը, ինչպես նաև անցումը երկարաժամկետ ռազմավարական պլանավորմանը:

Ընդ որում, նախատեսվում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը պահպանել որպես Հիմնադրամի հիմնական խնդիրներից մեկը:

Արամայիս Ավետիսյանն ունի պետական, մասնավոր և հասարակական ոլորտներում աշխատանքի շուրջ 13 տարվա փորձ: Նրա մասնագիտական փորձն ընդգրկում է կազմակերպությունների կառավարում և ինստիտուցիոնալ զարգացում, ռազմավարական պլանավորում, հանրային քաղաքականություն, շահառուների հետ աշխատանք, դրամահավաք և հաղորդակցություն: 2022 թվականից նա զբաղեցնում է Հայաստանի նախագահի օգնականի պաշտոնը:

2025 թվականից Ավետիսյանը ներգրավված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերում։ Նա համակարգել է 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» համահայկական դրամահավաք-արշավը։ Արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 30%-ով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին: Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում այն ծրագրեր է իրականացրել ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, սոցիալական աջակցության և զարգացման այլ ուղղություններով: