«Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքիին՝ Տիգրանաշեն»․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խնդիր է, երբ «հայերը Արարատի մարզի Արարատ գյուղին ասում են Դավալու, իսկ Քյարքիին՝ Տիգրանաշեն»։
«Իմ խնդիրը նրա հետ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի համար և՛ մենք, և՛ ուրիշները օգտագործեն այն անունը, ինչը լեգիտիմ վերաբերում է իրեն», - ասաց Փաշինյանը ԱԺ-ում կառավարության 2026-31 թվականների ծրագիրը ներկայացնելիս։
Նա նշեց, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքները ճանաչել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Հայաստանի 29 743 քմ/կ տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում անկլավները։
«Գնալ ձեր ասած տրամաբանությամբ, նշանակում է հրաժարվել Արծվաշենից, Ջերմուկի այն տարածքներից, որոնց մասին անընդհատ կարևոր ենք համարում խոսել, նշանակում է հրաժարվել սահմանի գոյությունից։ Այլ բան, թե որն է այդ հարցերը լուծելու մեթոդաբանությունը», - հայտարարեց Փաշինյանը։
Օրերս Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է իրականացվի 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։
«Հիմա այդ քարտեզների վրա Քյարքին (Տիգրանաշենը, խմբ․) Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չէ։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ Արծվաշենը Հայաստանի տարածք է։

