«Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում»․ Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն

24.08.2026, 14:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ
«Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում»․ Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Ուղերձում նշված է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: 

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ 

Բարձր եմ գնահատում Երևանում Ձեր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հիրավի նոր շունչ հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին: 

Համոզված եմ, որ մեր հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկեղծ քննարկումը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստեն մեր երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ամբողջ ներուժի լիարժեք իրացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների: 

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում և պատրաստակամ է շարունակել ցուցաբերել մարդասիրական աջակցություն Ուկրաինայի ժողովրդին: 

Մաղթում եմ Ձեզ հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն»: