Բանակում մահերի համար ՊՆ-ին մեղադրելը նորություն է Հայաստանում. Սուրեն Պապիկյան

24.08.2026, 15:34
Գերատեսչության ղեկավարը ներկայացրել է վերջին տասնամյակում բանակում գրանցված ոչ մարտական պայմաններում  մահացությունների ցուցանիշները՝ թվարկելով դրանք
Բանակում մահերի համար ՊՆ-ին մեղադրելը նորություն է Հայաստանում. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Բանակում վերջին 10 օրում գրանցված մահերի հետևանքով հրաժարական տալու լրագրողի հարցերին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում ինքնասպանությունների, ինքնասպանության հասցնելու և սպանությունների դեպքերի վիճակագրությանը՝ ընդգծելով, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում։

«Դեպքերի ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն։ Բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետության և բանակի ողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են․ դրանց թվերն ավելացել են կամ նվազել։

Գերատեսչության ղեկավարը ներկայացրել է վերջին տասնամյակում բանակում գրանցված ոչ մարտական պայմաններում (ինքնասպանություն, ինքնասպանության հասցնել, սպանություն) մահացությունների ցուցանիշները՝ թվարկելով դրանք։

«2015թ․-ին 7 դեպք, 2016 թ․-ին 19 դեպք (Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո), 2017 թ․ — 13 դեպք, 2018թ.-12դեպք, 2019 թ․ — 11 դեպք, 2020 թ․ — 10 դեպք, 2021 թ․ — 10 դեպք, 2022 թ․ — 8 դեպք, 2023 թ․ — 9 դեպք, 2024 թ․ — 11 դեպք, 2025 թ․ — 2 դեպք, 2026թ.-ին-8 դեպք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ներկայացված թվերը չեն ներառում հիվանդությունների (օրինակ՝ ինֆարկտի) կամ ավտովթարների հետևանքով գրանցված մահերը։

«Սրանք վիճակագրական տվյալներ են այն մասին, որ վերջին մեկ տասնամյակի ընթացքում թվերը և՛ ավելացել են, և՛ պակասել։ Դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մի մասն էլ քրեական ենթամշակույթի հետևանք են։ Սա մարտահրավեր է, որը համակարգային մոտեցում է պահանջում՝ անկախ նրանից, թե ով է Պաշտպանության նախարարը»,- եզրափակել է նա՝ հավելելով, որ պատրաստակամ է լսել բոլոր բարձրաձայնվող խնդիրներն ու հետևողականորեն զբաղվել դրանց լուծմամբ։