Հայաստանը կարող է լքել ՀԱՊԿ–ը, եթե դրան անդամակցությունն այլևս պետք չէ Երևանին․ Պեսկովը՝ Փաշինյանին

24.08.2026, 15:04
Պեսկովը նշել է, որ մինչ այժմ հայկական կողմի ներկայացուցիչները տարբեր մակարդակներում հայտարարել են անդամակցության սառեցման մասին, սակայն ընդգծել են, որ Հայաստանը դեռևս չի պլանավորում դուրս գալ ՀԱՊԿ-ից
Հայաստանը կարող է լքել ՀԱՊԿ–ը, եթե դրան անդամակցությունն այլևս պետք չէ Երևանին․ Պեսկովը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը կարող է լքել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, եթե դրան անդամակցությունն այլևս պետք չէ Երևանին: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը չի պլանավորում վերադառնալ ՀԱՊԿ և գոհ կլինի, եթե կազմակերպությունը Հայաստանին հեռացնի:

«Եթե Երևանն իր ազգային շահերի բերումով այլևս տարածաշրջանային անվտանգության ապահովման նման կարևոր կազմակերպությանն անդամակցելու կարիք չունի, նա ազատ է համապատասխան որոշում կայացնել և լքել այդ կազմակերպությունը»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ մինչ այժմ հայկական կողմի ներկայացուցիչները տարբեր մակարդակներում հայտարարել են անդամակցության սառեցման մասին, սակայն ընդգծել են, որ Հայաստանը դեռևս չի պլանավորում դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Հայաստան — ՀԱՊԿ հարաբերությունների մասին

2024 թվականին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրում էր անվտանգության ոլորտում Հայաստանի առջև կազմակերպության կողմից իր պարտավորությունների չկատարմամբ:

Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարում էր, որ Երևանը ձեռնպահ է մնում կազմակերպության բյուջեի շրջանակում ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

Երևանում ավելի վաղ նշում էին, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ տիրող իրավիճակին կազմակերպության երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:

ՀԱՊԿ-ում հայտարարում են, որ շարունակում են Երևանին տեղեկացնել ընդունվող որոշումների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը մնում է կազմակերպության մասնակից, աջակցում է դրա որոշումներին, բայց չի մասնակցում նիստերին: