Հայաստանի դատական համակարգը կաստայացված է և չունի օրգանական կապ ժողովրդի հետ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի դատական համակարգը կաստայացված է, չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի և կրողի՝ ժողովրդի հետ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։
«Հայաստանում իշխանության միակ կրողը ժողովուրդն է, բայց գործում են դատական իշխանության գեներացման համակարգեր, որոնք ժողովրդից այնքան են հեռացված, որ, ըստ էության, նրա հետ ոչ մի կապ չունեն։ Հարցեր է հարուցում, մասնավորապես, դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում՝ իսկ ումի՞ց է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը», - ասաց Փաշինյանը ԱԺ-ում կառավարության 2026-31 թվականների ծրագիրը ներկայացնելիս։
Նա նշեց, որ Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից, և այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, ըստ վարչապետի, առնվազն հարցեր է առաջացնում։
«Այս տարօրինակ կառուցակարգը մինչ օրս գործում է մեկ պարզ պատճառով․ այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո և դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մեկ ճանապարհ կա՝ նոր Սահմանադրության ընդունումը», - նշեց Փաշինյանը։

