«ԱԺ ամբիոնից հնչած ուղիղ հրահանգի իրագործում է». «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ Լևոն Քոչարյանի տան խուզարկությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ Լևոն Քոչարյանի տանն իրականացված խուզարկությունները ԱԺ ամբիոնից հնչած «ուղիղ հրահանգի» իրագործումն են:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք և մյուս ձերբակալվածները կարող են առնչություն ունենալ հնարավոր հանցավոր սխեմաներին։
«Կարծում եմ` մեկնաբանելու բան չկա, ով երեկվա ելույթը տեսել է, ԱԺ ամբիոնից հնչած ուղիղ հրահանգի իրագործում է։ Չեմ կարծում Հայաստանում կա մեկ քաղաքացի, անգամ ՔՊ-ականները, որ այլ ձև կարող են մեկնաբանել։ Սա է իրականությունը», - ասաց Վարդանյանը լրագրողների հետ զրույցում։
Նա վստահություն հայտնեց, որ Լևոն Քոչարյանն իր քաղաքական գնահատականները տալիս պատրաստ էր այդ ամենին։
«Եվ ընդհանրապես, ուզում եմ շեշտել իմ գործընկերոջ այն միտքը, որ եթե խնդիրը լիներ ունեցվածք պահպանելը, հանգիստ կյանքը, ոչ ոք այստեղ չէր լինի, ինքը առավել ևս։ Հանգիստ կյանքի համար պետք է այս ամեն ինչից հեռու մնալ։ Այս ամեն ինչը այլ բանի մասին է, և ով այստեղ է՝ որպես ընդդիմություն, գիտի, թե ինչի միջով է ստիպված լինելու անցնել ինքը և իր ընտանիքը: Ոչինչ, սա էլ է մի փուլ, որը կանցնենք, աշխարհում բոլոր բռնապետությունները այսպես են գործել», - ասաց պատգամավորը։
Կարդացեք նաև. Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել

