ՀԱՊԿ խաղաղպահները չեն մտնելու Հայաստան. Փաշինյան

25.08.2026, 18:23
Նա ասաց, որ ընդդիմությունն ունի շատ կոնկրետ առաքելություն` ՀԱՊԿ-ի խաղաղապահների մուտքը ՀՀ
ՀԱՊԿ խաղաղպահները չեն մտնելու Հայաստան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ խաղաղպահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետւթյուն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ ընդդիմությունն ունի շատ կոնկրետ առաքելություն` ՀԱՊԿ-ի խաղաղապահների մուտքը ՀՀ:

«Ես ձեզ հիասթափեցնում եմ՝ ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է, և խաղաղապահը ժողովուրդն է, այո՛, այդ թվում՝ Հայաստանի ժողովուրդը և Ադրբեջանի ժողովուրդն են ամենահուսալի խաղաղապահները, և որևէ օտար խաղաղապահ ՀՀ տարածք չի մտնելու», - նշեց Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի շուրջ իր եզրափակիչ ելույթի ժամանակ:

Նա ընդգծեց, որ սա է Չորրորդ հանրապետությունը:

«Չորրորդ հանրապետությունը չի գնում աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում իր գոյության իրավունքը մուրում: Չորրորդ հանրապետությունն ամենօրյա աշխատանքով իր ապրելու, զարգանալու, լինելու իրավունքը վաստակում է»,- հայտարարեց վարչապետը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկա 5 տարում Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունի, և ընդգծել, որ ինքը գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից: