Կարո՞ղ է վիտամին D-ն օգնել պահպանել հիշողությունը․ գիտնականները նոր տվյալներ են ստացել

25.08.2026, 21:15
Հետազոտությանը մասնակցել է 54 չափահաս անձ՝ ախտորոշված կամ ենթադրյալ թեթև կոգնիտիվ խանգարումներով և քնի խանգարումներով
Կարո՞ղ է վիտամին D-ն օգնել պահպանել հիշողությունը․ գիտնականները նոր տվյալներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Վիտամին D-ի բարձր դոզաների ընդունումը կապված է եղել ավելի բարձր կոգնիտիվ ցուցանիշների հետ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն թեթև կոգնիտիվ խանգարումներ և քնի հետ կապված խնդիրներ: Սակայն հետազոտությունը չի ապացուցում, որ վիտամին D-ն բարելավում է հիշողությունը կամ ունակ է կանխել դեմենցիայի զարգացումը:

Նման եզրակացության են հանգել Էմորի համալսարանի հետազոտողները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Sleep Medicine գիտական ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 54 չափահաս անձ՝ ախտորոշված կամ ենթադրյալ թեթև կոգնիտիվ խանգարումներով (MCI) և քնի խանգարումներով: 

Ինչ են պարզել գիտնականները 

Մասնակիցների կոգնիտիվ ֆունկցիաները գնահատել են Montreal Cognitive Assessment (MoCA) թեստի միջոցով, որն օգտագործվում է հիշողության, ուշադրության, խոսքի և այլ կոգնիտիվ ունակությունների գնահատման համար: 

Մասնակիցները հետազոտողներին հայտնել են նաև, թե արդյոք ընդունում են վիտամին D և ինչ չափաբաժնով: 

Մարդիկ, ովքեր հայտնել են վիտամին D-ի օրական առնվազն 5000 միջազգային միավորի (ՄՄ) ընդունման մասին, ցույց են տվել MoCA-ի ավելի բարձր արդյունքներ՝ համեմատած այն մասնակիցների հետ, ովքեր ամեն օր վիտամին D չեն ընդունել: Էմորի համալսարանը հայտնում է, որ տարբերությունը կազմել է ավելի քան 13%: 

Գիտական հոդվածում տարիքը, սեռը, մարմնի զանգվածի ինդեքսը, կրթությունը և վիտամին D-ի տեսակը հաշվի առնելուց հետո MoCA-ի արդյունքների տարբերությունը օրական առնվազն 5000 ՄՄ ընդունողների և վիտամին D չընդունողների միջև կազմել է միջինը 3,78 միավոր: 

Ընդ որում, վիտամին D-ի ավելի ցածր դոզաները վիճակագրորեն նշանակալիորեն կապված չեն եղել կոգնիտիվ թեստի ավելի բարձր արդյունքների հետ: Հետազոտողները նաև նշանակալի տարբերություն չեն հայտնաբերել վիտամին D2 և վիտամին D3 ընդունած մասնակիցների միջև: 

Արդյո՞ք սա նշանակում է, որ վիտամին D-ն բարելավում է հիշողությունը 

Ոչ: Հեղինակներն ուսումնասիրել են վիտամին D-ի հավելումների ընդունման և 

կոգնիտիվ ցուցանիշների միջև կապը, այլ ոչ թե ստուգել են վիտամին D-ի արդյունավետությունը որպես կոգնիտիվ անկման բուժման կամ կանխարգելման միջոց: 

Հետազոտությունը եղել է լայնակի դիտողական (cross-sectional observational), իսկ վիտամին D-ի ընդունման մասին տեղեկատվությունը մասնակիցները հայտնել են ինքնուրույն: Գիտնականները պատահական սկզբունքով մարդկանց չեն բաժանել խմբերի և նրանց վիտամին D-ի որոշակի չափաբաժին չեն նշանակել:

Ուստի արդյունքները թույլ չեն տալիս պարզել՝ արդյոք հենց վիտամին D-ն է դարձել կոգնիտիվ թեստավորման ավելի բարձր արդյունքների պատճառը: 

Բացի այդ, հետազոտությունը փոքր էր՝ դրան մասնակցել է ընդամենը 54 մարդ, և վերաբերում էր յուրահատուկ խմբի՝ թեթև կոգնիտիվ խանգարումներ և միաժամանակ քնի խանգարումներ ունեցող մարդկանց: 

Հեղինակները եզրակացնում են, որ վիտամին D-ի ավելի բարձր չափաբաժնի ընդունումը կապված է պացիենտների այս խմբում ընդհանուր կոգնիտիվ ավելի լավ ցուցանիշների հետ, սակայն ստացված արդյունքները պահանջում են հետագա ուսումնասիրություն: 

Ընդ որում, հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ 5000 ՄՄ-ն գերազանցում է վիտամին D-ի օրական սպառման սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը (4000 ՄՄ): Ստացված տվյալները չեն ենթադրում, որ կարելի է ինքնուրույն բարձր չափաբաժնով վիտամին D ընդունել։