«Քիթը լաբորատորիա չէ». 10 սխալ, որոնք կարող են սննդային թունավորման պատճառ դառնալ

21.08.2026, 16:07
Ինչո՞ւ չի կարելի լվանալ հում հավը․ մասնագետը բացահայտում է սննդի անվտանգության 10 սխալ
«Քիթը լաբորատորիա չէ». 10 սխալ, որոնք կարող են սննդային թունավորման պատճառ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․  Ամռան տապին սննդային թունավորումների և վարակների ռիսկը կտրուկ բարձրանում է: Շատ հաճախ, ցանկանալով ճիշտ վարվել, մենք կրկնում ենք կենցաղում տարածված, բայց առողջության համար վտանգավոր սովորույթներ։
ԳԱԱ «Էկո կենտրոնի»  սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար  Դավիթ Պիպոյանը «Նովոստի-Արմենիայի»  հետ զրույցում պատմում է ամենատարածված սխալների, «վտանգավոր ջերմաստիճանային գոտիների» և խոցելի խմբերի համար սննդային ռիսկերի մասին՝ ներկայացնելով 10 կանոններից բաղկացած պարզ ուղեցույց։

Կանոն 1. Սնունդը սեղանին մի՛ թողեք

Ամենատարածված արտահայտություններից մեկը, որը բազմաթիվ թունավորումների պատճառ է դառնում, հետևյալն է. «Թողեք հովանա, հետո նոր դրեք սառնարան»:
Մարդիկ կաթսայով տոլման, խաշլաման կամ այլ պատրաստի ուտելիքը ժամերով պահում են դրսում, որպեսզի սառչի, հետո նոր տեղափոխում սառնարան։ Սակայն հաշվի չեն առնում, որ բնակարաններում տաք է, ինչը հիանալի միջավայր է մանրէների արագ աճի և բազմացման համար։
Ամռանը չի կարելի նաև խորովածի միսը մարինացնել սառնարանից դուրս։ Տարածված կարծիքը, թե սոխն ու գինին ախտահանիչ հատկություն ունեն, սխալ է. դրանք չեն սպանում մանրէները։ Ամռանը պահածոյացումն ու մարինացումը պետք է իրականացվեն բացառապես սառնարանային պայմաններում։


Կանոն 2. Իրարից հեռու պահե՛ք հում և պատրաստի մթերքները

курица, нож, доска ИИ

Երկրորդ դարձյալ շատ հաճախ հանդիպող սխալը հում մթերքների և պատրաստի ուտելիքների կողք կողքի պահպանումն է։  Հում մթերքները, բնականաբար, կարող են հանդիսանալ աղտոտման աղբյուր։
Լվանացեք ոչ միայն ձեռքերը, այլև խոհանոցային տախտակներն ու դանակները («մի դանակ, մի տախտակ, մի սկուտեղ» սկզբունքով հում ու պատրաստի մթերքները չմշակել)։

Կանոն 3. Պահպանե՛ք ջերմաստիճանային ռեժիմը

Սննդի անվտանգության տեսանկյունից +5-ից +60 աստիճան միջակայքը համարվում է վտանգավոր գոտի: Այս ջերմաստիճանում բակտերիաները կրկնապատկվում են յուրաքանչյուր 20 րոպեն մեկ։ Իսկ 32 աստիճանից բարձր ջերմաստիճանում (ինչպիսին հաճախ լինում է Արարատյան դաշտում և չօդափոխվող  բնակարաններում) միկրոօրգանիզմների աճի համար շատ ավելի քիչ ժամանակ է պահանջվում, ու սնունդը վայրկենապես փչանում է։  Ընդ որում, պատրաստի ուտելիքը կարելի է տաքացնել միայն մեկ անգամ։


Կանոն 4. Մի՛ լվացեք հում հավի միսը

Курицу промывают холодной водой ИИ


Հավը հոսող սառը ջրի տակ լվանալիս ջրի շիթը մանրէները ցրում է լվացարանի շուրջ՝ մինչև 0.5 մետր հեռավորության վրա։ Միսը հետագայում կեփվի, բայց աղտոտված մակերեսները կարող են հպվել հում բանջարեղենին՝ առաջացնելով երկրորդային աղտոտում։


Կանոն 5. Ապահովե՛ք խորքային ջերմային մշակում


Որքան ուտեստը շատ ջուր և սպիտակուց է պարունակում, այնքան այն ավելի վտանգավոր է։ Ամենառիսկային մթերքներն են՝ հում կաթը, թարմ պանիրները, կրեմային հրուշակեղենը, պատրաստի ճաշատեսակները, ձուկը և թռչնամիսը։
Ամբողջական մսի դեպքում բակտերիաները միայն մակերեսին են, իսկ աղալու ընթացքում դրանք տարածվում են ամբողջ մսեղիքով։ Դրա համար աղացած միսը, կոտլետները և բուրգերները պետք է եփվեն մինչև խորքը, որպեսզի կենտրոնում վարդագույն մաս չմնա։
Մթերքը ջերմամշակման ենթարկելիս ապահովե՛ք պատշաճ ջերմաստիճան՝ +75°C անգամ մսի խորքում։


Կանոն 6. Լվացե՛ք մրգերն ու բանջարեղենը կտրելուց առաջ

фрукты: арбуз, овощи ИИ


Անկախ նրանից՝ մրգի կամ բանջարեղենի կեղևն օգտագործում եք, թե ոչ, կտրելուց առաջ դրանք պետք է պարտադիր լավ լվանալ։ Ձմերուկը ևս բացառություն չէ․ լվանալուց հետո միայն պետք է կտրել։


Կանոն 7. Մի՛ վստահեք հոտին կամ համին


Շատերը կարծում են, թե սննդի պիտանելիությունը կարելի է որոշել ուտեստի բույրով կամ համտեսելով։ Սա վտանգավոր մոլորություն է․ փչացնող միկրոօրգանիզմները փոխում են սննդի համն ու հոտը, և մենք իսկույն խուսափում ենք դրանից։
Ախտածին միկրոօրգանիզմները (որոնք հիվանդություն են առաջացնում) որևէ համային կամ բույրի փոփոխություն չեն առաջացնում։
«Քիթը լաբորատորիա չէ»․ երբեք մի՛ համտեսեք կասկածելի սնունդը՝ ստուգելու համար։ Նույնը վերաբերում է բորբոսին․ բորբոսնած մասը հեռացնելը չի երաշխավորում անվտանգությունը։


Կանոն 8. Երկար մի՛ պահեք պատրաստի սնունդը


Եթե կասկած ունես մթերքի թարմության հարցում, դե՛ն նետիր։ Դեն նետված ուտելիքը ձեր առողջությունից թանկ չէ։
Մսով պատրաստված ուտեստները սառնարանում կարելի է պահպանել 1-2 օրից ոչ ավելի։ Բուսական ծագման պատրաստի ճաշատեսակները՝ առավելագույնը 72 ժամ։


Կանոն 9. Խստորեն պաշտպանե՛ք խոցելի խմբերին


Խոցելի խմբերի մոտ թունավորման ելքը կարող է շատ ավելի ծանր լինել՝ պահանջելով հոսպիտալացում։

Երեխաներ (մինչև 3 տարեկան)․ Չտալ կենտրոնում վարդագույն մնացած միս կամ կոտլետ։ Կաթնամթերքը (մասնավորապես՝ կաթնաշոռը) պետք է պատրաստված լինի բացառապես պաստերիզացված կաթից և ենթարկված լինի ջերմային մշակման։

Հղիներ․ Խիստ բարձր է զգայունությունը լիստերիա մանրէի նկատմամբ։ Խորհուրդ է տրվում խուսափել չպաստերիզացված կաթնամթերքից, հում ապխտած մսամթերքից կամ ձկնեղենից, նախապես կտրատված ձմերուկից, թերխաշ ձվից։

Տարեցներ․ Պետք է ձերբազատվել ուտելիքը չնետելու և երկար պահելու սովորությունից։ Հատկապես վտանգավոր են 24 ժամից ավելի պահված, նախապես կտրատված երշիկեղենն ու պանիրները, մայոնեզով աղցաններն ու կրեմային հրուշակեղենը։


Կանոն 10. Ճիշտ պահպանե՛ք ընդեղենն ու հումքը

орехи ИИ
Ընդեղենը պահեք չոր, զով և մութ տեղում՝ 10–20 °C ջերմաստիճանում, արևից ու ջերմության աղբյուրներից հեռու, քանի որ խոնավությունը բորբոսի և վտանգավոր միկրոտոքսինների պատճառ է դառնում։ Փաթեթը բացելուց հետո տեղափոխեք հերմետիկ ապակե կամ սննդային տարայի մեջ, իսկ նոր գնված ընդեղենն օգտագործելուց առաջ 3–4 օր պահեք սառցախցիկում՝ վնասատուների ձվերը ոչնչացնելու համար։
Գնե՛ք միայն վստահելի հումք, օգտագործել լավ լվացված կանաչի և մաքուր ջուր։

Ամփոփում


Թեև ամառային շոգը սննդային թունավորումների ռիսկն ավելի շատ է, սննդի անվտանգության այս կանոնները սեզոնային բնույթ չեն կրում։ Դրանք պետք է դառնան ամենօրյա կենցաղային մշակույթ տարվա բոլոր եղանակներին, քանի որ անտեսանելի ախտածին մանրէները տարվա եղանակ չեն հարցնում, իսկ առողջությունը պահանջում է անվտանգության նույնքան բարձր պատասխանատվություն ինչպես օգոստոսի տապին, այնպես էլ տարվա մյուս բոլոր եղանակներին։