Ջրի օգտագործման հաճախականությունը՝ աշխատավայրում. որքա՞ն և ի՞նչ խմել
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս օրական ընդունել 30–35 մլ ջուր՝ մարմնի քաշի յուրաքանչյուր 1 կգ-ի հաշվարկով։ Այսինքն՝ 70 կգ քաշի դեպքում օրական պահանջարկը կազմում է մոտ 2.1–2.5 լիտր։ Սակայն ջրային ռեժիմը պետք է պարտադիր համապատասխանեցնել ֆիզիկական ակտիվության ցուցանիշին։
Ջրային ռեժիմն աշխատանքային օրվա ընթացքում
Ութժամյա աշխատանքային օրվա ընթացքում հեղուկի անհրաժեշտ քանակությունը կախված է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Նստակյաց աշխատանքի դեպքում չի կարելի չափից շատ հեղուկ օգտագործել, այլապես օրվա վերջում կարող են առաջանալ այտուցներ և հեղուկի կուտակում։
«Օպտիմալ տարբերակը ժամը մեկ մոտ 50–100 մլ հեղուկ ընդունելն է։ Ջուրը, առանց շաքարավազի թեյը կամ սուրճը լավագույն ընտրությունն են, իսկ թեյի և սուրճի միջև ընտրությունը կախված է անհատական առողջական վիճակից», - փոխանցում է AiF-ը՝ հղում անելով բժիշկ-դիետոլոգ Ելենա Լոբիկինային։
Սուրճի և հայտնի ըմպելիքների թաքնված կալորիականությունը
Սիրելի ըմպելիքները հաճախ պարունակում են թաքնված կալորիաներ, որոնք նպաստում են քաշի ավելացմանը։ Օրինակ՝ կվասը, տուփերով հյութերը և գազավորված ըմպելիքները մեկ բաժակում (200 մլ) պարունակում են մոտ 100–110 կկալ։ Աշխատավայրում (հատկապես գիշերային հերթափոխերի ընթացքում) մարդիկ հաճախ մեծ քանակությամբ սուրճ են սպառում՝ հաշվի չառնելով դրա էներգետիկ արժեքը։
Սուրճի ստանդարտ չափաբաժինների կողմնորոշիչ կալորիականությունը (սովորական 3.2% յուղայնությամբ կաթով, առանց օշարակների).
- Էսպրեսո (30 մլ) — 2 կկալ
- Ամերիկանո (150 մլ) — 2–5 կկալ
- Կապուչինո (180 մլ) — մոտ 100–130 կկալ
- Լատե (250 մլ) — 120–160 կկալ (սխալ է այն թեթև ըմպելիք համարելը)
- Ռաֆ (180 մլ) — 200–300 կկալ (սերուցքի և շաքարավազի հաշվին)
«Անգամ խիստ դիետայի դեպքում նման ամենօրյա հավելումներն աննկատորեն հանգեցնում են քաշի ավելացման։ Փորձեք անցնել մաքուր ամերիկանոյի կամ ձեր սիրելի ըմպելիքը պատրաստել ավելի ցածր յուղայնությամբ կաթով և առանց օշարակի»,- խորհուրդ է տալիս բժիշկը։
Գործոններ, որոնք ազդում են հեղուկի պահանջարկի վրա
- Ֆիզիկական ակտիվություն․ Մարզումների, ծանր աշխատանքի կամ շոգ եղանակի ժամանակ օրգանիզմն ավելի շատ հեղուկ է կորցնում, որով պայմանավորված՝ օրական նորման պետք է ավելացնել։
- Կլիմա․ Չոր կամ շոգ կլիմայական պայմաններում ջրի պահանջն ավելի բարձր է։
- Առողջական վիճակ․ Որոշ հիվանդություններ կամ դեղորայքի ընդունումը կարող են փոխել հեղուկի պահանջարկը։
- Սննդակարգ․ Հեղուկի մոտ 20%-ը մենք ստանում ենք սննդի՝ հատկապես բանջարեղենի, մրգերի, ապուրների և կաթնամթերքի միջոցով։ Հետևաբար, եթե ձեր սննդակարգում նման մթերքները շատ են, առանձին խմելու ջրի պահանջը կարող է ավելի քիչ լինել։
- Տարիք․ Տարեց մարդիկ հաճախ ավելի թույլ են զգում ծարավը, այդ իսկ պատճառով նրանք պետք է ավելի ուշադիր հետևեն ջրային ռեժիմին։
- Հատուկ վիճակներ․ Հղի և կերակրող կանանց սովորաբար ավելի շատ հեղուկ է անհրաժեշտ․ ապագա մայրերին խորհուրդ է տրվում սովորական նորմային ավելացնել 300–400 մլ, իսկ կերակրող մայրերին՝ 500–700 մլ ջուր։

