Արաբական ձիեր, սեղանին հարվածներ և փոխադարձ վիրավորանքներ. ինչպես են անցնում ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությունները

19.08.2026, 19:07
Արդեն շուրջ 10 օր է, ինչ նորընտիր 9–րդ գումարման Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահներիկ ընտրության հարցը
Արաբական ձիեր, սեղանին հարվածներ և փոխադարձ վիրավորանքներ.  ինչպես են անցնում ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Արդեն շուրջ 10 օր է, ինչ նորընտիր 9–րդ գումարման Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահներիկ ընտրության հարցը։

Օրակարգի այս հարցի քննարկումները, սակայն, հաճախ դուրս են գալիս բուն թեմայի շրջանակից։ Թեկնածուների ծրագրերի ու հանձնաժողովների ապագա աշխատանքի մասին հարցերին զուգահեռ՝ ԱԺ նիստերի դահլիճում օրակարգ են մտնում նաև բավական անսպասելի թեմաներ։

Ներկայացնում ենք այս ընթացքում արձանագրված ամենաուշագրավ ու հետաքրքիր դրվագները։

Հանձնաժողովների փոխարեն՝ արաբական ձիերի փառատոն

ԱԺ մշտական հանձնաժողովների թվի վերաբերյալ քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկեց 12-ի փոխարեն ունենալ 5-6 հանձնաժողով։

Ըստ Ղազարյանի` եթե հանձնաժողովը լիարժեք ծանրաբեռնված չէ, դրա համար ծախսվող գումարները դառնում են պետական բյուջեի ավելորդ վատնում։

Նրա հաշվարկով՝ միայն աշխատավարձերի տարբերության հաշվին 5 տարվա ընթացքում հնարավոր կլիներ տնտեսել մոտ 500 հազար դոլար։

«Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել արաբական ձիերի փառատոն»,- հայտարարեց պատգամավորը:

Որքա՞ն է իրականում ՀՀ տարածքը. ե՞րբ անհետացավ 57 քառակուսի կիլոմետրը

29 800 քկմ, թե՞ 29 743 քկմ․ Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության քննարկման ժամանակ պատգամավորները փորձում էին պարզել, թե ինչպես է ստացվել, որ տարբեր աղբյուրներում Հայաստանի տարածքը ներկայացվում է երկու տարբեր թվերով։

Դիմելով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի տարածքի վերաբերյալ հարցը խորհրդարանում քննարկվում է առաջին իսկ օրերից։

«1980թ. հրապարակված Սովետական հանրագիտարանում ՀՀ տարածությունը 29,800 քառ. կմ է, նույնը գրված է 1979-ի հանրագիտարանում։ Տեղյա՞կ եք արդյոք՝ երբ շրջանառության մեջ մտավ 29,743 քառ. կմ թիվը, հետաքրքիր է՝ 57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ»,- հարցրեց Խաչատրյանը։

Ջուլհակյանը պատասխանեց, որ կոնկրետ ամսաթիվ նշել չի կարող։

«Անկախ Հայաստանի դասագրքերում նշված է 29,743 քառ. կմ թիվը, ենթադրում եմ՝ այդ պահին է տեղի ունեցել անցումը», - ասաց պատգամավորը։

Սեղանին հարվածներ և ծափահարություններ

Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, երբ Ջուլհակյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հիշատակեց աշխարհիկ անունով՝ «Կտրիճ Ներսիսյան»։

Ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին՝ դժգոհություն հայտնելով այդ ձևակերպման վերաբերյալ։ Իշխանական պատգամավորներն էլ նրանց արձագանքեցին ծափահարություններով։

Սակայն միջադեպը դրանով չավարտվեց։ Հաջորդիվ արդեն իշխանական պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, երբ ընդդիմադիր պատգամավորները Գարեգին Բ-ին հիշատակեցին որպես «կաթողիկոս»։ Ընդդիմադիրներն էլ նրանց պատասխանեցին ծափահարություններով։

Փոխադարձ վիրավորանքներ. «սրիկայաբար»-ից մինչև «ամբարտավան»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի ելույթից հետո, երբ նա ՔՊ-ական պատգամավորների մասին խոսելիս օգտագործեց «սրիկայաբար» բառը։

Ելույթից հետո ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը նախազգուշացում արեց Ղազարյանին։

«Դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ ու «ամբարտավան» պահվածքի համար», - ասաց Կոնջորյանը։

Վիճաբանություն սկսվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ական պատգամավորների միջև, և պատգամավորները դուրս եկան ԱԺ միջանցք։

Դավիթ Ղազինյանին հեռացրին դահլիճից. ընդդիմադիրները լքեցին դահլիճը

ԱԺ-ում հերթական լարված իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կարգապահական տույժ հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ։

«Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ այնուհետև հավելեց, որ վերջինս զրկվում է այսօր ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից։

«Պարո՛ն Ղազինյան, տեղից այլևս չխոսեք, ձեր խմբակցության նիստը չէ սա, ձեզ պահեք կարգուկանոնով։ Դուրս եկե՛ք դահլիճից, պարո՛ն Ղազինյան: Խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան և պարոն Ղազինյանին ուղեկցեն դուրս: Լավ, ինքն է դուրս գալիս, թող դուրս գա», - ասաց փոխխոսնակը:

Ի նշան բողոքի՝ Դավիթ Ղազինյանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության մյուս բոլոր անդամները լքեցին դահլիճը: