4 հազար դոլար՝ ԵՊՀ ընդունելությունն ապահովելու համար․ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել (ՎԻԴԵՈ)

19.08.2026, 12:08
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք. ՎԻԴԵՈ
4 հազար դոլար՝ ԵՊՀ ընդունելությունն ապահովելու համար․ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք, հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5.000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը», - նշված է հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև. Վարորդական իրավունքի քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը կլինի պարտադիր