Անկոնտակտ սահմանային հատում․ Հայաստանում կներդրվեն e-gate ավտոմատացված համակարգեր
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Կենսաչափական անձնագրերի կիրառմանը զուգահեռ Հայաստանի սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել e-gate (էլեկտրոնային անցակետ) ավտոմատացված համակարգեր, հայտնում են ՆԳՆ-ից։
e-gate-ն ինքնաշխատ և անկոնտակտ սահմանային անցման համակարգ է, որը հնարավորություն կտա առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ հատել սահմանը, ավտոմատ իրականացնել անձի նույնականացում, արագացնել սահմանային հսկողությունը և կրճատել սպասման ժամանակը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Դավիթ Սանամյանի հետ նախօրեին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին։
Նախարարին են ներկայացվել e-gate համակարգերի տեղակայման, գործարկման և սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումները։
Քննարկվել են նաև համակարգերի ներդրման փուլերի, աշխատանքների կազմակերպման, e-gate համակարգերի արդյունավետ և անխափան գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ հարցեր։
ՆԳ նախարարը նույն օրը Երևանի մոլերից մեկում ծանոթացել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ ավարտական փուլում գտնվող գրասենյակի շինարարական աշխատանքների ու տեխնիկական վերազինման գործընթացին։
Ընդգծվել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումն ու սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։
«ՀայՓաս» ընկերության կողմից կառուցվող գրասենյակների նախագծային և լոգիստիկ լուծումները հիմնված են «մեկ պատուհանի» սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչարարական բարդությունները և զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը։

