Երևանում տարեց կանանց պարանոցներից պոկել-տարել էին ոսկյա շղթաներ․ կասկածյալին ձերբակալել են (ՎԻԴԵՈ)

18.08.2026, 18:46
Տղամարդը խոստովանել էր, որ նախկինում կատարել է ևս չորս կողոպուտ, տուժողները տարեց կանայք էին․ ՎԻԴԵՈ
Երևանում տարեց կանանց պարանոցներից պոկել-տարել էին ոսկյա շղթաներ․ կասկածյալին ձերբակալել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի սկզբներին կողոպուտի վերաբերյալ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց մի քանի ահազանգ․ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում տարեց երեք կանանց պարանոցներից պոկել-տարել էին ոսկյա շղթան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ։

Ստացվեց հավաստի տեղեկություն, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում և ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը։

Օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9․40-ին, մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, հիշյալ կողոպուտները կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Տղամարդը խոստովանեց ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած ևս չորս կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի էին ունեցել մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում, և տուժողները դարձյալ տարեց կանայք էին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ 39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։


Կարդացեք նաև․ Մոտեցել և տեսել են, որ դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր․ ոստիկանները զբոսայգում ինքնասպանություն են կանխել (ՎԻԴԵՈ)