Եվրոպայում շոգն ու երաշտը հանգեցրել են բերքատվության «աղետալի» անկման

18.08.2026, 19:35
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում բանջարեղենի և հացահատիկային մշակաբույսերի արտադրողները հայտարարել են «աղետալի ցածր բերքատվության» մասին
Եվրոպայում շոգն ու երաշտը հանգեցրել են բերքատվության «աղետալի» անկման

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/.     Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում բանջարեղենի և հացահատիկային մշակաբույսերի արտադրողները հայտարարել են «աղետալի ցածր բերքատվության» մասին՝ տևական և ռեկորդային շոգի պատճառով, որն ուղեկցվում է երաշտով, հայտնում է kommersant-ը՝ հղում անելով The Guardian-ին:

Ֆրանսիայում՝ Եվրոպայում հացահատիկի խոշորագույն արտադրող երկրում, եգիպտացորենի բերքը կնվազի 35%-ով՝ հասնելով 9 մլն տոննայի. վերջին անգամ նման ցուցանիշներ դիտվել էին 1980 թվականին: Էականորեն նվազել են ցուցանիշները բանջարաբուծության ոլորտում. 25%՝ դդմիկի, 35%՝ հազարի, 40%՝ ոլոռի, 60%՝ բրոկոլիի և 50%-ից 100%՝ արտիշոկի համար: Անասնակերի համար չոր խոտի արտադրությունը, Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության վիճակագրական ծառայության տվյալներով, նվազել է մոտ 30%-ով՝ 1989-2018 թթ.-երի միջին ցուցանիշից ցածր:

Միջինից խիստ  երաշտը հարվածել է Իտալիայի գյուղատնտեսական հողատարածքների մոտ 60%-ին: Գյուղատնտեսական մշակաբույսերի, ինչպես նաև մրգի և բանջարեղենի բերքատվությունը կտրուկ ընկել է, իսկ կաթի արտադրությունը նվազել է 20%-ով, հայտարարել է ֆերմերների և գյուղարտադրողների ազգային կազմակերպությունը:

Իսպանիայում հացահատիկային մշակաբույսերի բերքը Կաստիլիա և Լեոնում 35%-ով ցածր է, քան անցյալ տարի, Մադրիդի տարածաշրջանում՝ 49%-ով, իսկ Անդալուզիայում՝ 24%-ով: Ոչխարի և այծի կաթի արտադրությունը նույնպես նվազել է համապատասխանաբար 6,5%-ով և 10,8%-ով: Իսպանիայի գինեգործների ազգային ֆեդերացիան կանխատեսում է արտադրության 20 տոկոսանոց անկում 2026 թ.-ին:

ԵՄ երկրների կառավարությունները խոստացել են հատկացնել աջակցության զգալի փաթեթներ գյուղատնտեսությանն օժանդակելու համար: Մասնավորապես, Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն խոստացել է հատկացնել 145 մլն եվրո որպես շտապ օգնություն, ինչպես նաև «կառուցվածքային աջակցության և ներդրումների միջոցներ» 2027 թ.-ի բյուջեում:

Նշենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է, որ Եվրոպայի մեծ մասը առաջիկա շաբաթվա ընթացքում կստանա այդքան անհրաժեշտ տեղումների քանակը։

«Անձրև է սպասվում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի ընդարձակ տարածություններում, որտեղ երաշտի պայմանները ներկայումս գագաթնակետին են»,-գրել է նա։