Համացանցը` ոստիկանության վերահսկողության տակ. Հայաստանում կստեղծվի կիբերլաբորատորիա՝ հանցագործությունների դեմ պայքարելու համար
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մոտ ժամանակներս կիբերլաբորատորիա կստեղծվի, հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը, հայտնում է Arka Telecom հեռահաղորդակցական պորտալը։
«Սա այն հանգույցը և ենթակառուցվածքը կլինի, որը մեծ հնարավորություններ կտա համացանցային, առհասարակ թվային հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետությունը բարձրացնելու համար», - նշեց Մկրտչյանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր է նաև միջազգային ոստիկանական համագործակցության տեսանկյունից։
«Մենք հասկանում ենք՝ թվային, համացանցային տիրույթում միշտ չէ, որ հանցագործությունների կատարողը հենց ՀՀ-ն է, կամ պլանավորող, նախատեսողը ՀՀ-ն է լինում: Երրորդ երկրում հնարավոր է պլանավորել հանցագորոծություն, մեկ այլ երկրում՝ իրականացնել», - ասաց նա։
Նրա խոսքով՝ Քրեական ոստիկանությունը պետք է զարգացնի իր կարողությունները թվային ոլորտում՝ ելնելով այն բանից, որ հանցագործությունների շատ տեսակներ ավելի ու ավելի ակտիվորեն են տեղափոխվում առցանց տիրույթ։
«Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք, և այստեղ նույնպես պետք է հանցագործությունները կանխարգելել, բացահայտել», - ընդգծեց Մկրտչյանը։

