ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը նշել է ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ է մատնանշել:
«Վաշինգտոնյան հռչակագիրն իրականում ոչ միայն բացեց խաղաղության նոր գլուխ մեր տարածաշրջանում, այլև ստեղծեց երկկողմ փոխգործակցության նոր հնարավորություններ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև», - հայտարարել է Մկրտչյանը «The Heritage» հիմնադրամի «The Parliament» փոդքասթում:
Նրա խոսքով՝ «խաղաղության գաղափարախոսությունը դարձել է տրանսֆորմացիաների կարևոր շարժիչ ուժ»։
«Երբ մենք խոսում ենք մեր ժողովրդի հետ խաղաղության կարևորության մասին. մենք միշտ նշում ենք խաղաղության կարևորությունը որպես բարգավաճման, տնտեսական զարգացման և տարածաշրջանային կապակցվածության նախապայման», - նշել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ հսկայական առաջընթաց է ձեռք բերվել:
«Խաղաղությունը փոխակերպում է տարածաշրջանը և կկապի տարբեր տարածաշրջաններ միմյանց հետ՝ ստեղծելով սիներգիայի և գործընկերության նոր տեսակ: Սա նոր իրականություն է, և մարդիկ արդեն զգում են հաստատված խաղաղության արդյունքներն ու առավելությունները», - նշել է Մկրտչյանը:
Դեսպանը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն այս գործընթացում առանցքային գործընկեր է:
«Իր հերթին, Հայաստանը բարձր է գնահատում այդ հարաբերություններն ու գործընկերությունը: Համատեղ նախագծերը օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին, այլև ամերիկյան կողմին: Այդ առավելություններն արդեն ակնհայտ են, մասնավորապես, Հայաստանում ՏՏ նախագծերի իրականացմանը ամերիկյան ընկերությունների մասնակցության շնորհիվ», - ասել է դեսպանը:
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը, անկասկած, գտնվել է քաղաքակրթությունների խաչմերուկում, և դրանք միշտ ազդել են Հայաստանի վրա:
«Հայաստանը փոքր երկիր է Հարավային Կովկասում, և այն դիրքավորվում է որպես քաղաքակրթական երկխոսության կարևոր խաղացող: Եվ մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հենց այդ քաղաքակրթական երկխոսության մասին է, ինչպես նաև TRIPP նախագիծը», - ընդգծել է Մկրտչյանը:
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխափան մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ իր տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:
Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր. նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը:
TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն գործարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը նախ և առաջ ներդրումային նախագիծ է, որի շնորհիվ ակնկալվում է նոր ներդրումների միլիարդավոր դոլարների հոսք դեպի Հայաստան:

