Տիկնիզյանը պայմանագիր է ստորագրել «Օլիմպիակոսի» հետ․ հայտնի է պաշտպանի աշխատավարձի չափը

18.08.2026, 14:11
Նաիր Տիկնիզյանը կդառնա «Օլիմպիակոսի» պատմության մեջ Հայաստանի քաղաքացիություն ունեցող երրորդ ֆուտբոլիստը
Տիկնիզյանը պայմանագիր է ստորագրել «Օլիմպիակոսի» հետ․ հայտնի է պաշտպանի աշխատավարձի չափը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարիերան կշարունակի «Օլիմպիակոսում»։

Ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է ստորագրել հունական ակումբի հետ 4+1 ձևաչափով, հայտնում է Sportaran-ը՝ հղում անելով լրագրող Իվան Կարպովին։

Աղբյուրի տվյալներով՝ «Օլիմպիակոսը» «Ցրվենա Զվեզդային» կվճարի 5 մլն եվրո՝ մեկ տրանշով։ Եվս 2 մլն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով։

Բելգրադյան ակումբը սկզբում ակնկալում էր Տիկնիզյանի մասնակցությունը Եվրոպա լիգայի որակավորման փուլում «Վիկտորիա Պլզենի» դեմ հանդիպումներին, որոնք կկայանան օգոստոսի 20-ին և 27-ին։ Սակայն «Օլիմպիակոսը» ցանկանում էր հնարավորինս շուտ ստանալ պաշտպանին․ արդեն շաբաթ օրը թիմին սպասվում է Հունաստանի Սուպերլիգայի հանդիպումը «Ատրոմիտոսի» դեմ։

Որպեսզի համոզի «Ցրվենա Զվեզդային» բաց թողնել ֆուտբոլիստին մինչև եվրագավաթային հանդիպումները, Պիրեյի ակումբը համաձայնել է անմիջապես փոխանցել տրանսֆերի ֆիքսված մասը՝ 5 մլն եվրո։

Տիկնիզյանն արդեն ժամանել է Հունաստան, հաջողությամբ անցել է բուժզննումը, հագել «Օլիմպիակոսի» մարզաշապիկը և այցելել իր նոր ակումբի մարզադաշտ։

Կարպովի տեղեկություններով՝ 27-ամյա պաշտպանի աշխատավարձը կկազմի մոտ 1,1 մլն եվրո՝ տարեկան։ Պայմանագիրը նախատեսված է չորս մրցաշրջանի համար և ներառում է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Նաիր Տիկնիզյանը կդառնա «Օլիմպիակոսի» պատմության մեջ Հայաստանի քաղաքացիություն ունեցող երրորդ ֆուտբոլիստը։

 

Կարդացեք նաև. Լիլիթ Մկրտչյանը դարձել է «Summer Prague Open 2026» մրցաշարի կանանց պայքարի հաղթող