ՆԳՆ-ն որոնում է Երևանում նորածնին թողած անձին

18.08.2026, 13:06
ՀՀ ՆԳՆ-ն  հայտնել է, որ  Երևանում աշխատանքներ են ընթանում նորածնին թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ
ՆԳՆ-ն որոնում է Երևանում նորածնին թողած անձին

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ Երևանում աշխատանքներ են ընթանում նորածնին թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

«Նորածին երեխային թողած անձը դեռևս պարզված չէ: Հույս ունենք, որ կարճ ժամկետում կհաջողվի պարզել նրան»,- երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը:

Նրա խոսքով՝ Աջափնյակ վարչական շրջանում նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ ներկայումս շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

«Գիտեք, որ նորածին երեխային թողել ու հեռացել են։ Սրա հետ կապված դեռ որոշակի աշխատանքներ կան անելու»,- նշել է Ցուցուլյանը։

Օգոստոսի 10-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 13 հասցեում կա շորով փաթաթված նորածին երեխա: Ոստիկանության ծառայողները երեխային օպերատիվորեն տեղափոխել են բժշկական կենտրոն:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել էին, որ նորածնի վիճակը կայուն է, և այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում: