ԵԱՏՄ–ում Հայաստանի անդամակցության շարունակությունը կարտացոլվի կառավարության ծրագրում․ ՔՊ պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ԵԱՏՄ–ում Հայաստանի կարգավիճակն ու անդամակցության շարունակությունը ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» -ի նախընտրական ծրագրում, և դա իր արտացոլանքը կգտնի նաև կառավարության ծրագրում, հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Ինչպես տեսաք, ԵԱՏՄ Միջկառավարական նիստին Հայաստանը մասնակցեց և ներկայացրեց մեր դիրքորոշումը։ Նաև Հայաստանը ԵԱՏՄ բոլոր ֆորմատներում գործընթացներին ակտիվ մասնակցում է, իր ներդրումն է ունենում ինչպես քաղաքական առումով, այնպես էլ ֆինանսական միջոցների ծավալով Հայաստանն ակտիվ մասնակից է», - ասաց Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Նա նշեց, որ այս հարցի շուրջ Հայաստանը կշարունակի աշխատել ԵԱՏՄ անդամ գործընկերների հետ։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հանրաքվեի անցկացմանը՝ պատգամավորն ասաց, որ դա արհեստական օրակարգ է, քանի որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։
Կառավարության ծրագրի մասին
Օգոստոսի 5-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը:
Խորհրդակցության ընթացքում դիտարկվել են ծրագրի առաջնահերթությունները, տարբեր ուղղություններով ակնկալվող ցուցանիշները և նախատեսվող միջոցառումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում լրամշակել նախագիծը, որը կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման նոր Ազգային ժողով:
Ծրագրի նախագծի ամբողջական տեքստը նյութի պատրաստման պահին հրապարակված չէ:
Հայաստան - ԵԱՏՄ - ԵՄ
2025 թ.-ի գարնանը Հայաստանում ընդունվել է ՀՀ-ի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Ընդ որում, օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտի ներկայացում:
Հայաստանի իշխանությունները հայտարարում են Եվրամիության հետ մերձեցման կուրսը շարունակելու և միաժամանակ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու մտադրության մասին՝ քանի դեռ այս երկու ուղղությունների համատեղումը հնարավոր է մնում:
2026 թ.-ի մայիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է լիարժեքորեն օգտագործել միավորման ներուժը սեփական տնտեսական շահերի պաշտպանության համար:

