Բուժհիմնարկում չի ծնվել, պորտալարի թարմությունից դատելով՝ կարելի է ասել, որ 3-6 ժամական երեխա է․ բժիշկը մանրամասներ է հայտնել երեկ հայտնավերված նորածնի առողջական վիճակից
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը մանրամասներ է ներկայացրել նախօրեին Երևանի Հալաբյան փողոցում հայտnաբերված նորածին երեխայի առողջական վիճակի մասին։
«Երեկ՝ ամսի 10-ին, երեկոյան ժամը 21։15-ի շրջանում ահազանգ ստացվեց, որ ընդունարանում շտապօգնության մեքենայով և ոստիկանների ուղեկցությամբ նորածին է ընդունվել», - պատմե է բժիշկը լրագրողներին։
Նրա խոսքով՝ ահազանգից անմիջապես հետո նորածինների վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկուհին իջել է երեխային զննելու և վիճակը գնահատել ծանր։
«Առաջին հերթին՝ հիպոթերմիա։ Երեկ, ցավոք սրտի, երեկոն բավականին զով էր, և երեխայի ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար, հատկապես՝ նոր ծնված նորածինների համար», - ասել է Ջերջերյանը։
Նա հայտնել է, որ հիմա երեխայի ջերմաստիճանը կարգավորվել է և կազմում է 36.7 աստիճան։ Նա ունի շնչառական անբավարարություն, ինչի կապակցությամբ գտնվում է հատուկ CPAP (շնչառական աջակցություն տրամադրող) ապարատի տակ։
Ինչպես պարզաբանել է մասնագետը, այս սարքն օգնում է, որպեսզի ինքնուրույն շնչող նորածնի թոքերում լինի մշտապես դրական ճնշում, ինչը թույլ է տալիս ավելի ազատ շնչել։
«Այս աջակցության կարիքը, կախված զարգացումներից, հնարավոր է պահանջվի 2-4 օր», – նշել է Ջերջերյանը։
Մասնագետը նաև հայտնել է, որ երեխան վստահաբար բուժհիմնարկում չի ծնվել։
«Երեխայի պորտալարը հիվանդանոց ընդունվելիս արդեն կապված է եղել թանզիվով, սակայն երկար է կտրված եղել՝ մոտ 25 սմ։ Վտահորեն կարող ենք ասել, որ ծնվել է ամսի 10-ին։ Պորտալարի թարմությունից դատելով՝ կարելի է ասել, որ 3-6 ժամական երեխա է», - ընդգծել է նա։
Մասնագետի հավաստմամբ՝ զարգացման արատներ չեն հայտնաբերվել, բռնության հետքեր ևս չկան։
«Նորածինն ունի 2550 գրամ քաշ և 40 սանտիմետր մարմնի երկարություն։ Շնչառական խնդիրը պայմանավորված է նրանով, որ երեխան ծնվել է փոքր-ինչ վաղաժամ՝ մոտ 36 շաբաթականում», – նշել է բժիշկն՝ ավելացնելով, որ նախնական գնահատմամբ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, և բուժման ավարտից հետո նորածինը կտեղափոխվի մանկատուն։
Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։
Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։Այսօր Առողջապահության նախարարությունից «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա առողջական վիճակը կայուն է։ CPAP- սարքի միջոցով է շնչում։ Կյանքին սպառնացող վիճակ այս պահին չկա։

