Արենիում կստեղծվի աշխարհի ստանդարտներին համապատասխան գինու թանգարան
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Արենի համայնքում կստեղծվի աշխարհի ստանդարդներին համապատասխան գինու թանգարան, հայտարարել է «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը։
«Ինչպես գիտեք Արենի քարայրում գտնվել է աշխարհի ամենահին հնձանը և աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Այդ ընթացքը կներկայացվի։ Կլինի նաև գինիների վաճառքի սրահ, որտեղ ներկայացված կլինի Արենի համայնքի ողջ գինեգործական ներուժը», - նշեց Մարգարյանը Արենիում Խաղողօրհնեքի անցացմանը նվիրված ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ թանգարանում կներկայացվի ինչպես Արենի համայնքի, այնպես էլ ամբողջ Հայաստանի գինեգործության պատմությունը։
Արենիում գինեգործական ավանդույթներն ունեն ավելի քան 6 հազար տարվա պատմություն: Մի քանի տարի առաջ Արենի-1 քարանձավում հնագետները հայտնաբերել էին մ.թ.ա. մոտ 4100 թ.-ով թվագրվող գինեգործական համալիր: Համալիրը ներառում է խաղողի հնձան, ֆերմենտացման և պահպանման անոթներ և համարվում է նման տիպի հնագույն հայտնի գինեգործարանը:

