Սև ծովից սառը օդային հոսանքներ են ներթափանցելու․ սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և քամի. Սուրենյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային փոփոխության մասին։
«Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն, առաջիկա 5 օրերին օգոստոսի 10-ից 15-ին Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում»,- Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում հայտնել է նա՝ հավելելով, որ դրա արդյունքում օգոստոսի 10-ից 11-ին օգոստոսի 9-ի համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով։
Նրա խոսքով, երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-ից 25 մետր /վայրկյան արագությամբ։
«Օդի ջերմաստիճանը Հայաստանի ամենաշոգ գոտիներում՝ Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի հովիտներում, ցերեկային ժամերին առաջիկա 5 օրերին չի գերազանցելու 33-ից 35°աստիճանը»,-ասել է նա։

