Ծեծկռտուք՝ Դաշտավան գյուղում, կան ձերբակալվածներ, ՆԳՆ-ն պարզաբանել է ԶԼՄ-երում տարածված տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի է ունեցել ծեծկռտուք, կան ձերբակալվածներ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ՆԳՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
«Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ, և կան վիրավորներ»,-նշվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հրապարակման մեջ։
Ոստիկանությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։
Նախօրեին Shamshyan.com–ը հաղորդել էր, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ լսել են նաև կրակոցի ձայներ։
