«China Southern Airlines» ավիաընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

10.08.2026, 12:08
Երևանում գրասենյակի բացումը «China Southern Airlines»-ին հնարավորություն կտա առավել ամրապնդել իր տեղական ներկայությունը, բարելավել ուղևորների և գործընկերների սպասարկումը
«China Southern Airlines» ավիաընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. «China Southern Airlines» ավիաընկերությունը պաշտոնապես բացել է իր գրասենյակը Երևանում՝ ևս մեկ քայլ կատարելով հայկական շուկայում գործունեության զարգացման և Հայաստանի ու Չինաստանի միջև օդային կապի ամրապնդման ուղղությամբ, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ավիաընկերությունը։

Նշվում է, որ գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Չինաստանի դեսպանության, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, ինչպես նաև տեղական բիզնեսի, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում Հայաստանի և Չինաստանի ներկայացուցիչները ողջունել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ավիացիայի կարևոր դերը զբոսաշրջության, գործարար և մշակութային փոխանակումների խթանման գործում։

Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու մեկնարկից ի վեր «China Southern Airlines»-ը շարունակաբար ավելացրել է իր ներկայությունը հայկական շուկայում։ Ներկայում ավիաընկերությունն իրականացնում է շաբաթական վեց չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև՝ ուղևորներին տրամադրելով ավելի մեծ հարմարավետություն և երկու երկրների միջև ճամփորդության լրացուցիչ հնարավորություններ։

Երևանում գրասենյակի բացումը «China Southern Airlines»-ին հնարավորություն կտա առավել ամրապնդել իր տեղական ներկայությունը, բարելավել ուղևորների և գործընկերների սպասարկումը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը պետական մարմինների, օդանավակայանի, զբոսաշրջային կազմակերպությունների և այլ տեղական գործընկերների հետ։