ՀՀ վարչապետը Վաշինգտոնյան գագաթնաժողովի 1–ամյակին օգոստոսի 8–ն անվանել է սահմանագիծ Հայաստանի համար

08.08.2026, 10:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է անվանել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարելի է բաժանել այդ օրվանից առաջի և դրանից հետոյի
ՀՀ վարչապետը Վաշինգտոնյան գագաթնաժողովի 1–ամյակին օգոստոսի 8–ն անվանել է սահմանագիծ Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է անվանել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարելի է բաժանել այդ օրվանից առաջի և դրանից հետոյի։

Փաշինյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ի հանդիպումն այժմ անվանում են «Խաղաղության գագաթնաժողով», իսկ այնտեղ իր և Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որը որպես վկա ստորագրել է նաև ԱՄՆ նախագահը՝ «Խաղաղության հռչակագիր»։

Վարչապետը նաև նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները «ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլև տեր կանգնեցին խաղաղությանը»։

Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։

Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, իսկ մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը «մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է»։

«2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից», — ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական և սոցիալ-հոգեբանական արդյունքը․ «մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում»։

«Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է և առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է», — հայտարարել է վարչապետը։

Ուղերձի ավարտին Փաշինյանը նախագահ Դոնալդ Թրամփին շնորհակալություն է հայտնել խաղաղության հաստատման գործում ներդրած անուրանալի ջանքի համար և օգոստոսի 8-ի առիթով շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։