Գառան մսից մինչև Գիլանի հայտնի թեյ. Սիսիանում կանցկացվի «Նավասարդ» խոհարարական 5-րդ փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 10-11-ը Սիսիան քաղաքում կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական հինգերորդ փառատոնը, որը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես խոհարարական հեղինակավոր մրցույթների անցկացման միջազգային վայր։
ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել են փառատոնին սպասվող ծրագրերը։
Ինչպես նշել են կազմակերպիչները, միջոցառումը կմեկնարկի օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ին։ Այս տարվա կարևոր նորությունն այն է, որ փառատոնը տևելու է ոչ թե մեկ, այլ երկու օր։
Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Խաղաղության գավաթ» միջազգային խոհարարական մրցույթ պրոֆեսիոնալ մակարդակով։
«Այդ մշակութային ազդեցիկ խոսքով հայ և իրանցի հինավուրց ժողովուրդները համայն աշխարհին խաղաղության ուղերձ են հղում», - նշեց Ապրեսյանը։
Մամուլյանն իր հերթին ընդգծեց, որ հաթակը հնարավորություն կտա աշխարհի բոլոր խոհարարներին մրցելու, շփվեու և փոխանակվելու փորձով։
«Առաջին կիսաեզրափակչում կմրցեն գառի մսից պատրաստված կերակուրներով, այնուհետև 12 հոգի կանցնեն եզրափակիչ և կպատրաստեն ձկից կերակրատեսակներ։ Եզրափակիչ դուրս եկած խոհարարներից 6-ն արդեն որպես առաջին մրցանակ կստանան ոսկե մեդալներ։ Ընդհանուր հաշվարկով ամենաշատ միավորներ հավաքած անձը կստանա «Խաղաղության գավաթը»», - նշեց Մամուլյանը։
Նա ընդգծեց, որ փառատոնի նպատակներից է Հայաստանը դիրքավորել որպես խոհարարական մրցույթների անցկացման վայր։
ՀՀ-ում Իրանի փոխդեսպանն իր հերթին հայտնեց, որ այս տարի Իրանի կողմից ներկայցված տաղավարների թիվը կլինի 40-ից ավելի։
«Այս տաղավարները նաև իրենց բազմազանությամբ են աչքի ընկնում՝ ձեռքի արվեստի նմուշներ, Գիլանի նահանգի տարբեր ոլորտի արտադրանք, և, իհարկե, Գիլանի շատ հայտնի թեյը, որը, կարող ենք ասել, լինելու է այս միջոցառման անկյունաքարային տարրերից մեկը», - ընդգծեց Թահերին։
Փառատտոնին սպասվում է հագեցած մշակութային ծրագիր, միջոցառմանը ելույթ կունենան Իրանից ժամանած երաժշտական խմբեր, Սիսիանի ժողգործիքների անսամբլը, ինչպես նաև հայկական և իրանական այլ երաժշտական համույթներ։ Փառատոնի շրջանակում՝ օգոստոսի 11-ին, ելույթ կունենա նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը։

